Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քողարկելով՝ վերադառնում ենք արտակարգ դրության ռեժիմին». Փաշինյան

15:25, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2017 թ.
«Քողարկելով՝ վերադառնում ենք արտակարգ դրության ռեժիմին». Փաշինյան
     ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացրած «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու նախագիծը: Հիմնական զեկուցողն է Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյնաը: «Մասնավորապես, 44-րդ հոդվածով ասվում է, թե երբ կարելի է սահմանափակել հավաքների ազատությունը և այս սահմանափակման նույն բովանդակությունն արտատպվում է օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասում: Երկրորդ մասը պետական մարմինների վերաբերյալ շարադրանքին է վերաբերում, որը նախատեսում է, թե հավաքների ազատության սահմանափակումները պետական որ մարմնի վրա կարող են տարածվել. Սահմանադրությունում նշվում է՝ դատավորներ, դատախազներ, բայց օրենքում ավելի ընդհանրական թվարկում կար, որը ևս համապատասխանեցվում է Սահմանադրության 44 հոդվածին»,- ասաց նա:
     «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ «Սահմանադրության անվան տակ ինչ ասես սղցնում են». «Առաջարկում եք լինի այսպես՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն էս, էս դեպքերում, էս, էս պատճառներով և այլն: Գործող օրենքում գրված է՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության ու հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումն այլոց սահմանադրական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, այլ անձանց իրավունքները գերակայում են հավաքի ազատության նկատմամբ, այսինքն՝ մի ամբողջ փիլիսոփայություն է փոխվել, իսկ Դուք ասում եք՝ փոփոխությունները տեխնիկական են»: Փոխնախարարը նշեց, թե հավաքների սահմանափակման դեպքերը չեն փոխվել, ընդամենը հիմքն է համապատասխանեցվել այն տեքստին, որը կա նոր փոփոխություններով Սահմանադրությունում:
     Ելույթ ունեցավ նաև հարակից զեկուցող Հրայր Թովմասյանը: Դիմելով վերջինին՝ Փաշինյանը շարունակեց. «Խոսում եք իրազեկում ներկայացնելու, չներկայացնելու մասին, դրա ժամկետների, բա շարունակությունն էլ ասեք՝ մերժողն ի՞նչ հիմքով պետք ա մերժի: Փոխնախարարը նենց բաներ ասեց, որ զարմացա: Ի՞նչ հիմքով, օրենքն ասում է՝ դու պտի գերակայությունը քո արգելքի հիմնավորես, ինքն ասում ա՝ հիմքը կա, մերժում ենք, գնում... Ինձ համար միանշանակ է, որ այս փոփոխությունով իշխանությունը մտավախություն ունի, որ ՀՀ-ում կարող են բուռն հանրահավաքային շարժումներ սկսել, սրանով փորձում ա բերել, հասցնել 2008-ի արտակարգ դրության վիճակին: Թաքուն, քողարկելու մեթոդներով վերադառնում ենք արտակարգ դրության ռեժիմին»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը:
3474 | 0
Facebook