Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ կառավարությունը որոշել է վիժեցնել «Նաիրիտ»-ի վերագործարկման գաղափարը». «Եվրոպա-Ասիա բիզնես կենտրոն» հոլդինգ

11:15, երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2017 թ.
«ՀՀ կառավարությունը որոշել է վիժեցնել «Նաիրիտ»-ի վերագործարկման գաղափարը». «Եվրոպա-Ասիա բիզնես կենտրոն» հոլդինգ

«Եվրոպա-Ասիա բիզնես կենտրոն» հոլդինգը «Նաիրիտ» ՔԿ-ի վերագործարկման հետ կապված հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ստացվել է կառավարության դեռևս ոչ պաշտոնական պատասխան մամուլի միջոցով։
     «Այդ պատասխանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարելի լուրջ համարել: Սա նմանվում է Հոլդինգի առաջին պատվիրակության այցից հետո վարչապետ Կ․ Կարապետյանի կողմից հնչեցրած անհեթեթ պատճառաբանություններին, թե ինչու չի կարելի համագործակցել «Նաիրիտ»-ի վերագործարկման շուրջ Հոլդինգի հետ, Հոլդինգը չունի ծրագիր (պարզվեց, որ հակառակը՝ Հոլդինգն ունի փայլուն ծրագիր, որին, վարչապետից բացի, բոլորը տեղյակ էին), որ Հոլդինգը չի հաշվարկել էներգակիրների գները (սա արդեն անտեղյակ դիլետանտի կարծիքի էր նմանվում, քանզի կաուչուկի միջազգային գինը որոշվում է էներգակիրների տվյալ պահին ունեցած գնից կախված) և արդյունքում Հոլդինգին գրկաբաց ընդունելու փոխարեն հայտարարվեց միջազգային տենդեր:
     Հոլդինգի նախագահությունը լուրջ ընդունեց այդ մրցույթի գաղափարը և ամենայն պատասխանատվությամբ մասնակցեց 2017թ. հունվարին նախատեսված մրցույթին: Հոլդինգի մեջ ստեղծված «Նաիրիտ-ԵՄ» կոնսորցիումի անդամներն ուղարկեցին պահանջված փաստաթղթերի փաթեթը, որտեղ ամենակարևոր կետը ֆինանսական տարեկան հաշվեկշիռն էր․ անհրաժեշտ էր ունենալ նվազագույնը 200 մլն դոլարի տարեկան շրջապտույտ։ Մեր ընկերությունները ներկայացրեցին այդ թիվը մի քանի անգամ գերազանցող հաշվեկշիռ։
     Մրցույթի արդյունքները ներկայիս վարչապետի գլխավորած կառավարությունը մեզ այդպես էլ չներկայացրեց․ սա իր նմանը չունեցող անպատասխանատու գործառույթ էր, և Հոլդինգի նախագահության մոտ լուրջ տարակուսանք առաջացրեց: Այնուհետև պարզվեց, որ գործարանի տեխնոլոգիական գծերի ճակատագիրն է դրված հարցի տակ․ կառավարությունն անօրինական ուղով «Նաիրիտ»-ը ճանաչել է սնանկ ու սկսել գույքի վաճառքը։ Հոլդինգն անմիջապես պատասխան պահանջեց ՀՀ կառավարությունից և ոչ պաշտոնական հրավեր ստացավ հարցերի քննարկման համար վարչապետի հետ հանդիպելու առաջարկով, որի արդյունքում պիտի ստորագրվեր ընդամենը մտադրությունների արձանագրություն։
     Օգոստոսին Երևան ժամանած Հոլդինգի պատվիրակությանն ընդունեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որն արդեն պայմանավորվածության խախտում էր: Հանդիպման արդյունքում որոշվեց համաձայնել Հոլդինգի առաջարկի հետ՝ «Նաիրիտ»-ում Հոլդինգի ֆինանսավորմամբ կատարել աուդիտ, գործարանի ներկա վիճակին ծանոթանալու և ներդրումային չափը որոշելու համար: Անցան շաբաթներ, ոչ միայն այդ պայմանավորվածությունը կառավարությունը չհարգեց, այլև «Նաիրիտ»-ում կատարված պայթյունի և բռնկված հրդեհի արդյունքում ստեղծված իրավիճակում հայտարարեց, որ Հոլդինգի առաջակը մերժում է։
     Այսինքն մերժվում է մեր կողմից նախատեսված հսկայական օգնությունը, որի արդյունքում որոշվելու էր ներդրումային ծավալներն ու համագործակցության ուղին: Ավելին, տարածած հաղորդագրության մեջ նշվում էին հետևյալ կասկածները․
     Հոլդինգի հասցեն նշված է մի գրասենյակ, սակայն բլանկի վրա նշված է այլ հասցե․ Պատ․ այս անմիտ հարցի պատասխանը խիստ պարզ է․ Այո Հոլդինգն ունի մի քանի գրասենյակ և կարևորը գրանցման հասցեն է, որը և ներկայացվում է պետռեգիստրում:
     Հոլդինգի գրանցման համար վճարվել է 5 հազար եվրո․ Պատ․՝ Այո, ճիշտ այդքան է անհրաժեշտ Սլովակիայում Հոլդինգ գրանցելու համար և ին՞չ տարօրինակ հարց կա այստեղ։
     Որ Հոլդինգի առաջին տարվա հաշվեկշիռը մեծ չէ: Պատ․ Բայց չէ՞ որ և տենդերի համար և այնուհետև պատվիրակության այցից հետո ներկայացվել են ներդրող ընկերությունների ֆինանսական հաշվեկշիռները և դրանք շատ ավելի մեծ ծավալներ են կազմել, քան պահանջված են։
     Այսպիսով, Հոլդինգի նախագահության կարծիքով, ՀՀ կառավարությունը հենց սկզբից որոշել էր վիժեցնել «Նաիրիտ»-ի վերագործարկման գաղափարը, բայց ընտրել էր շատ տարօրինակ ուղի՝ ստիպելով մեզ հավատալ ՀՀ-ում իր ներդրումային «հիանալի մթնոլորտ» ստեղծած հեքիաթին։
     Այսօր կամ կառավարությունն արագորեն կփոխի իր մոտեցումը «Նաիրիտ» ՔԿ-ի հարցում և Հոլդինգը կշարունակի իր հսկայական ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում և կամ Հոլդինգը կտեղափոխի ներդրումների իրականացումը Վրաստան և Իրան, քանի որ այդ հարևան երկրներում օտարերկրյա ներդրողների նկատմամբ կա հսկայական հետաքրքրություն ու հարգանք»։

EU-ASIABusinessFinanceCenter
     Հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյան
     05.09.2017
     Բրատիսլավա, Սլովակիա

3329 | 2
Facebook