Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես է Ադրբեջանը «լվացել» և ծախսել 2,9 միլիարդ դոլարը. OCCRP-ի հետաքննությունը

10:50, երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2017 թ.
Ինչպես է Ադրբեջանը «լվացել» և ծախսել 2,9 միլիարդ դոլարը. OCCRP-ի հետաքննությունը

Կաշառակերության և կազմակերպված հանցավորության հետաքննության կենտրոնը (OCCRP) հրապարակել է «Ադրբեջանական «լանդրոմատի»» հետաքննությունը: Հետաքննության հեղինակների խոսքով՝ Ադրբեջանի իշխող էլիտան թաքուն «սև դրամարկղ» է կազմակերպել: Այն նախատեսված է եղել եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու և շքեղ իրեր ձեռք բերելու համար: Առաջիններից «սև դրամարկղ»-ում վճարում է կատարել «Ռոսօբորոնէքսպորտ»-ն՝ արտասահմանում ռազմատեխնիկայի վաճառքի ռուսական մոնոպոլիստը: Լրագրողներն ուսումնասիրել են 2012-2014թթ. տվյալները: Մեծ Բրիտանիայի ընկերությունները, որոնց մասին ասվում է հետաքննության մեջ, գրանցված են եղել ադրբեջանական կեղծ անուններով: Կազմակերպությունները ֆիկտիվ հաշվետվություն են տվել՝ չնայած նրանց հաշիվներից միլիարդավոր եվրոներ են անցել: Դրանք բոլորն սպասարկվել են դանիական բանկերից մեկի էստոնական մասնաճյուղում: Փողերի շարժի մասին առաջին տվյալներն են ստացել Berlingske թերթի դանիացի լրագրողները:
     Ավելի ուշ հետաքննության են միացել գերմանական, բրիտանական, ֆրանսիական և բուլղարական պարբերականները: Գումարի մեծ մասն անցել է ադրբեջանական բանկերի հաշվին: Խոշոր դոնորներից է եղել (1,4 միլիարդ) International Bank of Azerbaijan-ը, որն ավելի ուշ իրեն սնանկ է հայտարարել: 2012թ. «Ռոսօբորոնէքսպորտ»-ը մոտ 29 միլիոն դոլար է փոխանցել ադրբեջանական ընկերություններից մեկի հաշվին: «Ռոսօբորոնէքսպորտն», ինչպես նշեցինք, արտասահմանում ռազմատեխնիկայի վաճառքի ռուսական մոնոպոլիստն է: Այն 2008թ.-ից «Ռոստեխ»-ի դուստր ընկերությունն է, երկու ընկերությունները ղեկավարում է Սերգեյ Չեմեզովը: Առնվազն 1,8 միլիոն դոլար «Ռոսօբորոնէքսպորտ»-ը փոխանցել է ընկերությանը, որն, ըստ «Պանամական փաստաթղթերի», պատկանում է Օրհան Էյուբովին՝ Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովի որդուն: «Ռոսօբորոնէքսպորտ»-ի փողերը փոխանցվել են նաև մեկ այլ օֆշորային ընկերությանը, որը միջնորդ է հանդիսացել Ադրբեջան ռուսական ցեմենտի վաճառքի ժամանակ: Գնորդը եղել է հոլդինգը, որը պատկանում է Արիֆ Փաշաևին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աներոջը: Նրա դուստրը՝ Մեհրիբան Ալիևան, ոչ միայն նախագահի կինն է, այլև երկրի առաջին փոխնախագահը:
     Բացի այդ, հետաքննության մեջ ասվում է նաև եվրոպացի պաշտոնյաներին Ադրբեջանի կողմից կաշառելու մասին: 2013թ. գերմանացի քաղաքական գործիչ, Բունդեսթագի նախկին պատգամավոր և ԵԽԽՎ մոնիթորինգային առաքելության նախկին ղեկավար էդուարդ Լինթերը ստացել է 61 հազար եվրո: Իսկ դրանից 2 շաբաթ առաջ նա եղել է Ադրբեջանում, որտեղ ղեկավարել է ընտրություններին դիտորդների առաքելությունը: «Ընտրությունները կազմակերպվել են բարձր մակարդակով և համապատասխանում են այնպիսին ստանդարտներին, ինչպիսիք, օրինակ, գերմանականն է»,- այդ ժամանակ ասել է Լինթերը:
     Սակայն, ըստ հետաքննության, դա միակ կաշառքը չէր: Նա նաև 2012-2014թթ. ստացել է 891 հազար եվրո: 2013թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն, բուլղարացի քաղաքական գործիչ Իրինա Բոկովան անցկացրել է «Ադրբեջան՝ հանդուրժողականության տարածք» ֆոտոցուցահանդեսը: 3 օրից նրա ամուսնու հաշվին 20 հազար եվրո է փոխանցվել: 2 տարում նրա ամուսինը ստացել է 425 հազար եվրո:
     Իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեն, երկրի իրավապահ մարմինների կարծիքով, Բաքվից գումարներ է ստացել, որպեսզի արգելափակի Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին ԵԽԽՎ-ի բանաձևը: Բրիտանական ֆիկտիվ ընկերությունները նրա հաշվին 2 միլիոն եվրո են փոխանցել, իսկ վերջինս խորհրդատվական ծառայություններ է մատուցել ադրբեջանցի ազդեցիկ գործարարին:
     2012-2013թթ. բրիտանական ֆիկտիվ ընկերությունը Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովին և նրա որդուն՝ Եվրոպայի խորհրդում երկրի դեսպան Էմին Էյուբովին, ամերիկյան լավագույն հիվանդանոցներից մեկում բուժման համար 12 հազար դոլար է փոխանցել:
     Իսկ 2013թ. հունվարին Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Հասիմովը 18 հազար դոլար է ստացել «ԱՄՆ-ում կրթական ուղևորության համար»:

6871 | 0
Facebook