Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քննարկվում է աջակողմյան ղեկով մեքենաների ձևափոխման ժամկետները 60 օր սահմանելու հարցը

10:40, երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2017 թ.
Քննարկվում է աջակողմյան ղեկով մեքենաների ձևափոխման ժամկետները 60 օր սահմանելու հարցը

Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկով ավտոմեքենաների մասին իրավական որևէ ակտ թեև դեռևս չկա, սակայն, ըստ տարբեր հրապարակումների, կառավարությունում մշակվում է ծրագիր, որպեսզի արգելվեն աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը: Նշվում է, որ ներմուծվող ավտոմեքենաների համար կտրվի 60-օրյա ժամկետ` ղեկը ձախակողմյան փոխելու համար, ինչպես նաև կտրվի ժամկետ` հանրապետության տարածքում արդեն շահագործվող ավտոմեքենաների համար ևս:
     Նորամուծության հեղինակներն առաջ քաշելով նման հարց պատճառաբանել են, որ իբր այդ փոփոխության պատճառներից մեկն այն է, որ շատ են աջակողմյան ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները: Մամուլում էլ հրապարակումներ կան, թե դա արվում է վարչապետի մերձավորների բիզնեսի համար:
     Իհարկե, այս հարցը դեռևս քննարկումների, կամ, ինչպես ասում են, խոսակցությունների մակարդակով է, սակայն իրականանալու դեպքում, միանշանակ, վարորդները լուրջ խնդիրների առաջ են կանգնելու: Նկատենք, որ դա ֆինանսական հավելյալ ծախս է վարորդի համար: Եթե ղեկը փոխելու համար, ենթադրենք, վարորդին հատկացվի մեկ կամ երկու ամիս, արդյոք կկարողանա՞ վերջինը ժամանակին կատարել նշված պահանջները:
     «Վարորդի ընկեր» ՀԿ ներկայացուցիչ Սերգեյ Ղահրամանյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե, իսկապես, արգելվի նման ավտոմեքենաների շահագործումը և որոշվի աջ ղեկը տեղափոխել ձախ կողմ, ապա անպատճառ պետք է նաև ժամանակ տրվի վարորդներին:
     «Մենք գտնում ենք, որ առնվազն 10 տարի պետք է տրամադրվի վարորդին, որ իրենք իրենց մեքենան այլ երկրում վաճառեն կամ տեղափոխեն ղեկը ձախ կողմ: Քանի որ դա այնքան էլ էժան գործ չի (մարդ կա, որ 30 հազար դոլարանոց մեքենա է բերել արտասահմանից, որի ղեկն աջ կողմում է, նա պետք է այդ մեքենան, այսպես ասած` շահագործի, հետո նոր փոխի կամ ձևափոխի Ս.Ղ), ուստի, նման հարցերը պետք է քննարկվեն, պետք է տրամաբանական լուծումներ առաջարկվեն, ընդհուպ մինչև գումար տրամադրելը: Ցանկության դեպքում, տեխնիկական լուծումները շատ հեշտ կարելի է գտնել»,- ասաց մեր զրուցակիցը:
     Նրա խոսքով` հիմնականում աջ ղեկով ավտոմեքենաների տեսադաշտը շատ ավելի սահմանափակ է, քան ձախակողմյան ղեկով մեքենաների դեպքում, ինչը, բնականաբար, իր բացասական հետևանքներն է ունենում:
     Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի «Վարորդի ընկեր» ՀԿ-ն և արդյոք այս խնդրով մտահոգություններ եղե՞լ են վարորդների կողմից, պատասխանեց, որ առայժմ նման բողոքներ չեն ստացել. «Նախագիծը լինի, կարծում եմ, հանրային լսումներ տեղի կունենան, մենք էլ կմասնակցենք: Մեր դիրքորոշումը հստակ կողմնորոշում դեռևս չունի, բայց, եթե հարցը երթևեկության անվտանգության տեսանկյունից դիտենք, կարծում եմ, պետք է արգելվի այդ ավտոմեքենաների շահագործումը, իսկ դա մեկ օրում չի կարող լինել»:
     Ս. Ղահրամանյանը նշեց, որ առհասարակ, վարորդի նստատեղը պետք է լինի ավտոմեքենայի ձախ կողմում: Ըստ նրա, աշխարհի շատ երկրներում ավտոմեքենաների մոտավորապես 70 %-ի երթևեկությունն այս մոդելով է գործում:
     «Ամենատարածված ձախակողմյան մոդելն ունեն Լոնդոնում և Ճապոնիայում: Ճապոնիայում մի մասը ձախակողմյան է, մի մասն` աջակողմյան: Ելնելով տեղայնությունից` երթևեկությունն այնպես է կազմակերպված, որ անվտանգ լինի, իսկ մեզ մոտ նման պայմաններ չկան և վարորդի ղեկը լինելով աջ կողմում շատ ժամանակ անհարմարություններ է ստեղծում զուտ անվտանգության առումով»,- նկատեց նա` հավելելով, որ Հայաստանում տաքսի նստելիս` ուղևորները նախընտրում են դիմացը նստել, իսկ դա նշանակում է, որ ուղևորը հենց փողոցի կողմից պիտի նստի տվյալ մեքենան, ինչը ևս լուրջ պատճառ է…»:
     «Բացի այդ, բոլոր շենքերի հատվածներում պարկովկաները կահավորված են ձախակողմյան վճարումների համար, իսկ դա արդեն անհարմարություն է հենց աջակողմյան ղեկով ավտոմեքենայիի վարորդի համար: Պարզապես պետք է լուծումներ տալ, ոչ թե միանգամից վերցնել արգելել` ասելով, որ մեկ ամսվա մեջ պետք է վերացվեն այդ մեքենաները»,- կարծիք հայտնեց Սերգեյ Ղահրամանյանը:
     Վերջինի խոսքով` աջակողմյան ղեկով ավտոմեքենաները Հայաստանում 10 %-ից ավելի չեն կարող լինել:

22989 | 0
Facebook