Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քրեական հեղինակությունը դիմել է «Ռոսկոմնադզոռին»՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման»

17:40, ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2017 թ.
Քրեական հեղինակությունը դիմել է «Ռոսկոմնադզոռին»՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման»

Այսօր, սեպտեմբերի 1-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նամակ է ստացել Ռուսաստանի Դաշնության Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային կոմունիկացիաների վերահսկման դաշնային ծառայությունից («Роскомнадзор»):
     «Նամակով ՌԴ պետական մարմինը պահանջում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ArmRus.info լրատվական կայքից հեռացնել Հայաստանի ներդրողների ակումբի անդամ Ռուբեն Թաթուլյանի (քրեական աշխարհում հայտնի «Ռոբսոն» մականվամբ)՝ Չեխիայում ձերբակալության մասին նյութը: «Ռոսկոմնադզոռը» սխալներով լի անգլերեն լեզվով ձևակերպված նամակում պահանջ-խնդրանքը հիմնավորում է Ռուսաստանի Դաշնության «Անձնական տվյալների մասին» օրենքի դրույթներով:
     Այդ կապակցությամբ, հարկ ենք համարում մատնանշել այն հանգամանքը, որ ArmRus.info-ն գործել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու միջազգային նորմերի պահպանմամբ և չի խախտել Ռուբեն Թաթուլյանի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը: Կայքի գործունեությունը օրինական է՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օերնքի 8-րդ և «Զանգվածային Լրատվության մասին» Հայաստանի Հանարպետության օերնքի 7-րդ հոդվածների:
     Սակայն, առավել մտահոգիչ է, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր ունեցող անձը, ով նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնադրած «ներդրողների ակումբի» անդամ է, դիմում է օտարերկրյա պետական մարմնի՝ Հայաստանում ԶԼՄ-ի վրա ճնշում գործադրելու նպատակով:
     Այնինչ, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունում գործում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որի որոշումները պարտադիր են նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման» համար: Արդ, Ռուբեն Թաթուլյանի անձնական տվյալների գաղտնիության իրավունքը իրապես խախտված լինելու դեպքում, այն կարող էր վերականգնվել նշված գործակալության միջոցով:
     «Իրազեկ քաղաքացիների միավորումը» չի կատարելու «Ռոսկոմնադզոռի»՝ Ռուսաստանի օրենսդրության վրա հիմնվող պահանջը, քանի որ գործել է Հայաստանի օրենսդրության սահմաններում, իսկ Ռուսաստանի օրենսդրությունը Հայաստանի տարածքում չի գործում:
     Ավելին, մեր թիմում գործող ArmRus․info և SUT.am կայքերը այժմ առավել հետաքրքրությամբ են ուսումնասիրելու այն, թե ինչպե՞ս է քրեական աշխարհի ներկայացուցիչը ստացել ՀՀ դիվանագիտական անձնագիր և հայտնվել վարչապետի «ներդրողների ակումբում»,- այս մասին հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը։
     Հիշեցնենք, որ տարեսկզբին որոշ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Չեխիայում մի քանի «օրենքով գողերի» հետ միասին ձերբակալվել է Սոչիում հայտնի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով ավելի շատ հայտնի է «Ռոբսոն» մականունով: Ռուբեն Թաթուլյանը ձերբակալվել է՝ օրենքով գողերի հերթական հավաքի ժամանակ:
     Նշվում է, որ Ռոբսոնը վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսաստանցի մեծահարուստ հայ գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ է:

5195 | 0
Facebook