Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամբողջ գույքը վաճառել են, փչացրել. եթե իսկապես հոլդինգն ուզի վերագործարկել «Նաիրիտ»-ը, կանգնելու է մեծ խնդրի առաջ». Կարինե Շահվերդյան

16:00, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
«Ամբողջ գույքը վաճառել են, փչացրել. եթե իսկապես հոլդինգն ուզի վերագործարկել «Նաիրիտ»-ը, կանգնելու է մեծ խնդրի առաջ». Կարինե Շահվերդյան

«Եվրոպա–Ասիա բիզնես կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչներն այս օրերին Հայաստանում են և «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցով բանակցություններ են վարում Կառավարության հետ:
     «Կարծում եմ՝ այսօր պարզ կլինի, թե ինչ որոշում են կայացրել, ստորագրե՞լ են համաձայնության փաթեթը, թե ոչ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրիտ»-ի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը` հավելելով, որ թեպետ օտարերկրյա ներդրողներից մեծ ակնկալիքներ չունեն, բայց, ինչպես ասում են, այն փոքրիկ հույս է ներշնչում:
     Նշենք, որ ստորագրվելիք փաթեթն աուդիտ անցկացնելու համաձայնություն ստանալու համար է և եթե համաձայնությունը լինի, սեպտեմբերին կսկսվի այդ գործընթացը:
     «Նաիրիտ» գործարան ՓԲԸ նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը նշել է, որ հոլդինգի ներկայացուցիչների` Կառավարության հետ հանդիպումը թեև բովանդակալից է անցել, կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցում և պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրել համապատասխան փաստաթուղթ, սակայն մտավախություն է հայտնել, որ գործարանի ներկա վիճակը կարող է հիասթափեցնել ներդրողներին. «Հոլդինգը ծանոթ չէ, թե ինչ տեխնիկական վիճակում է այսօր գտնվում գործարանը։ Կան մութ կետեր, որոնց հոլդինգը չի տիրապետում, դրանք ոչ թե կասկածներ են, այլ փաստեր»,- ասել է նա:
     Հարցին, թե վստահո՞ւմ են ներդրողներին, գործարանը վերագործարկելու հույս ունե՞ն նաիրիտցիները, հավատո՞ւմ են պաշտոնյաների խոստումներին, Կարինե Շահվերդյանն ասաց. «Իսկ ո՞ւմ հավատանք: Ո՞վ է այսքան ժամանակ մեզ համար որևէ բան արել, որ իրեն հավատանք: Վարչապետին բազմիցս դիմել ենք հանդիպելու համար` չի ընդունել, մի քանի անգամ բաց նամակով դիմել ենք նախագահին` ապարդյուն, նախարարներին ենք դիմել, որպեսզի նրանց միջոցով մեր խոսքը տեղ հասցնենք, ոչինչ չի ստացվել, դիմել ենք Սամվել Կարապետյանին` դարձյալ անիմաստ: Հիմա, այսքանից հետո, ես հոլդինգի՞ն հավատամ, թե՞ իշխանություններին, որ ամեն ինչ արեցին գործարանը սնանկության հասցնելու համար»:
     Մեր զրուցակցի խոսքով` իշխանությունները մինչև այսօր իրենց հավատացնում են, որ առողջացման ծրագիր են կազմում, բայց դա իրենք այդպես էլ չտեսան: «Այսօր գործարանում այնպիսի կարևոր բաներ են օտարվել, որ վաղը, եթե իսկապես հոլդինգն ուզի վերագործարկել, կագնելու է մեծ խնդրի առջև: Եթե, ենթադրենք պիտի ներդրվեր 50-60 միլիոն ԱՄՆ դոլար, հիմա միգուցե արդեն մի 10 մլն էլ ավելի պահանջվի: Ամբողջ գույքը վաճառել են, կտրատել, փչացրել... այդ վիճակն, իսկապես, խանգարելու է վերագործարկմանը: Թե իրականում ինչ տեղի կունենա` կբանակցե՞ն, կթույլատրե՞ն, առայժմ անհայտ է»,- ասաց նա:
     Հիշեցնենք` «Նաիրիտը» սնանկ ճանաչվեց 2015–ին։ Սնանկության վարույթի համար հիմք էր ծառայել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի` ՀԷՑ–ին ունեցած 1 235 003 232 դրամ պարտքը: Հարյուրավոր աշխատակիցներ դարձան գործազուրկ: Մինչև հիմա լուծված չէ նախորդ տարիներից մնացած աշխատատավարձերի խնդիրը: Տարիներ շարունակ նրանք պայքարել են իրենց իրավունքների վերականգնման, գործարանի վերագործարկման համար:
     «Հույսը վերջում է մեռնում: Եթե թեկուզ այդ մի փոքրիկ հույսը չլիներ, նաիրիտցիներից ոչ մեկ չէր պայքարի: Թեպետ արդեն շատ էլ չենք` 50-60 հոգի է շարունակում պայքարը, բայց կարևորը չեն հուսալքվում...: Ես ինքս արդեն հոգնել եմ, բայց հանուն այդ մարդկանց թույլ չեմ տվել ինձ ետ կանգնել պայքարից»,- անկեղծացավ «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցը:

4027 | 0
Facebook