ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հակառուսական պատժամիջոցների փաթեթը, հայտնում է РИА Новости-ն: Սպիտակ տունը շուտով կհրապարակի համապատասխան հայտարարությունը:
Հուլիսի 28-ին ԱՄՆ Սենատը հավանություն էր տվել Ռուսաստանի հավելյալ պատժամիջոցներ ենթադրող օրինագծին: Պատժամիջոցների նոր փաթեթը կդառնա ամենամասշտաբայինը 2014-ից սկսած։ Փաթեթը ոլորտային պատժամիջոցներ է նախատեսում ՌԴ տնտեսության տարբեր ճյուղերի նկատմամբ՝ սահմանափակում մտցնելով նաև Եվրոպայում ռուսական էներգետիկ նախագծերի դեմ:
Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ նոր պատժամիջոցների սահմանման դեպքում կպահանջեն կրճատել ՌԴ-ում ամերիկյան դիվանագիտական առաքելության անձնակազմը։
Իրենց հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ու ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն այսօր արձագանքել են, որ «Ռուսաստանին հնարավոր չէ կոտրել պատժամիջոցներով» և որ «սահմանափակումները, դե ֆակտո, ոչինչ չեն փոխում»:
Հիշեցնենք, որ պատժամիջոցները միայն ՌԴ-ին չեն վերաբերվում, նաև՝ Իրանին ու Հյուսիսային Կորեային: Օրինագծում հստակ ուղերձ կա այդ երկրներին այն մասին, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի նրանց վտանգավոր ու ապակայունացնող վարքագիծը։