Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ով է պատասխանատու Սանահինում կատարված վանդալիզմի համար՝ գյուղապե՞տը, թե՞ Մայր Աթոռը

16:05, չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2017 թ.
Ով է պատասխանատու Սանահինում կատարված վանդալիզմի համար՝ գյուղապե՞տը, թե՞ Մայր Աթոռը

Սանահին վանական համալիրի տարածքում տեղի ունեցած հուղարկավորության փաստի հետ կապված քրեական գործ է հարուցվել. այս մասին մեր թղթակիցը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից:
     Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ լրատվամիջոցներն ահազանգեցին, որ Սանահին վանական համալիրի տարածքում հուղարկավորություն է տեղի ունեցել: «Sputnik Արմենիա»-ն էլ տեղեկացրեց, որ Սանահին գյուղի բնակիչ Գագիկ Վերանյանը որոշել էր իր մահացած հորը` Վանեչկա Վերանյանին հուղարկավորել հենց Սանահին վանական համալիրի տարածքում` Զաքարյանների և Արգուտինսկիե–Դոլգորուկիե իշխանների շիրիմների հարևանությամբ, ընդ որում, տեղափոխելով երկու շիրմաքար։
     Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Սամվել Մակարյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Սանահինի տարածքն ու, հատկապես, այդ կառույցը պատկանում է Մայր Աթոռին, հետևաբար նա է պատասխանատու այնտեղ տեղի ունեցող խնդիրների համար. «Դա համայնքի հետ կապված խնդիր չի, մեզ ինչո՞ւ եք հարցնում: Դա Մայր Աթոռի խնդիրն է: Այդ հողատարածքները նրան են կցված...»:
     Իսկ ինչպե՞ս է, որ գյուղապետը թույլատրել է այդ հուղարկավորությունը, ավելին` ներկա է գտնվել դրան:
     Ս. Մակարյանը զարմացավ. «Ո՞վ ասաց գյուղապետը ներկա է գտնվել... Գիտեք, խնդրի հետ կապված մենք արդեն ներկայացրել ենք մեր մեկնաբանությունը և ավելին ասել չենք կարող»,- եզրափակեց նա:
     Նշենք, որ ինչպես տեղեկացնում է «Sputnik Արմենիա»-ն, հուղարկավորության արարողությունն անցկացվել էր հունիսի 10-ին, սակայն սրբապղծության դեպքը վանահայր, աբեղա Ավետիք Սողոմոնյանը հայտնաբերել է միայն հուլիսի 2-ին։ Թղթակցի հետ զրույցում նա պատմել է, որ հուղարկավորությանը մասնակցել են գյուղապետն ու Սանահինի պահակը (մահացածի բարեկամը), որը, սակայն, ոչ մի կերպ չի արձագանքել Վերանյանի գործողություններին։
     «Նրանք տեղի գերեզմանափորներին չէին վարձել, այլապես ես ամեն ինչից տեղյակ կլինեի։ Փոսն արգելված վայրում իրենց մարդիկ են փորել»,- ասել է աբեղան։
     Հիշեցնենք` Սանահինը Սանահինի վանքը հայ միջնադարյան ճարտարապետական (Х-ХIII դարերի) վանք է, որը գտնվում է Լոռվա մարզի համանուն գյուղում։ Այն նշանակալից դեր է կատարել հայ հոգևոր ու մշակութային կյանքում: Այդտեղ են հայ դպրության գործին իրենց հարուստ գիտելիքներն ի սպաս դրել մշակութային և կրոնական նշանավոր գործիչներ: Համալիրն աշխարհի տարբեր երկրներից տարեկան հազարավոր զբոսաշրջիկների է գրավում և հայտնի է նրանով, որ այստեղի դպրատանը մանուկ հասակում սովորել է ականավոր հայ աշուղ Սայաթ-Նովան։
     Ի դեպ, հրապարակման մեջ նշվում է, որ Բլագովեսթ–ինֆո պորտալում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված կառույցին վանդալիզմի պատճառով սպառնում է համաշխարհային ժառանգության կարգավիճակը կորցնելու վտանգը։ Նշվում է, որ պաշտոնական հայց կազմակերպությունը Հայաստանին դեռ չի ներկայացրել։

5571 | 0
Facebook