«Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը հրաժեշտ տվեց մայրաքաղաքին
Երևանի կինոտոնն անցած ճանապարհի տարեգրությունն ավելացրեց ևս մեկ տարով: Միջոցառումների բազմազանությամբ, ճանաչված կինոգործիչների, հյուրերի մասնակցությամբ և բազմաժանր ֆիլմերի ցուցադրությամբ ուղեկցված 14-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը: Փառատոնի հաղթողներն ստացան իրենց մրցանակները, Շառլ Ազնավուրի անվան հրապարակը համալրվեց անվանի հայ կինոգործիչների անունը կրող նոր աստղերով՝ հավերժացնելով կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը: Սիրված փառատոնը հաջորդ տարի իր հանդիսատեսին կներկայանա հոբելյանական ծրագրով: Հայաստանի մշակութային կյանքին աշխուժություն հաղորդած փառատոնն անցավ ոչ միայն կինոցուցադրությամբ, այլև՝ վարպետության դասերի հարուստ ծրագրով: Հանդես եկան ճանաչված կինոգործիչներ Բորիս Խլեբնիկովը (ռեժիսոր, Ռուսաստան), Իլդիկո Էնյեդին (ռեժիսոր, Հունգարիա), Ռուի Նուգեիերան (կինոպատմաբան, Ֆրանսիա), Սիռո Գեռան (ռեժիսոր, Կոլումբիա), Թոմ Մքսորլին (կինոքննադատ, Կանադա) և այլք: «Ցանկացած ծրագիր, մինչև կյանքի իրավունք ստանալն անցնում է որոշակի ճանապարհ: Բարդ ու նաև կարևոր առաքելություն ստանձնած «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ապրել է մի ամբողջ պատանեկություն և մտել հասունության փուլ: Տասնչորս տարվա տարեգրություն ունեցող, աշխարհի առջև բաց պատուհան դարձած փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող ազգերի համար: Այս կինոտոնը նաև ստեղծագործական մտքի, հույզերի, աշխարհընկալումների կամուրջ է, գեղարվեստական մտածողության հարթակ և ինքնատիպ անձնագիր՝ Հայաստանի համար: «Ոսկե ծիրանի» ակունքներում կանգնած, հարուստ տարեգրություն ստեղծած կազմակերպիչներին մաղթում եմ նոր ուժ ու եռանդ՝ հետագա աշխատանքների համար»,- ասել է ՎիվաՍել- ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը հրաժեշտ տվեց մայրաքաղաքին |