Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԲ-ն հաստատել է նոր թղթադրամների թեմաները. ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ին

20:25, երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.
ԿԲ-ն հաստատել է նոր թղթադրամների թեմաները. ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ին

ՀՀ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: Խորհուրդը հաշվի է առել նաև ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն ներկայացրած քաղաքացիների առաջարկները:
     Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
     ՀՀ դրամաշրջանառության ավանդույթի համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով թղթադրամների թողարկման միջազգային փորձը՝ նոր անվանական արժեքով թղթադրամների թողարկման ժամանակ փոփոխվում են նաև դրանց թեմաները և գեղարվեստական լուծումները:
     Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 27-ին ԿԲ խորհրդի նիստում որոշվել էր հաստատել ՀՀ 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: Արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված դրամահատարանների մասնակցությամբ: Կոմպոզիտային թղթադրամները մշակվելու են հատուկ ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխան, հաշվի առնելով երկու կարևորագույն հանգամանք. 1) նոր թղթադրամներն ունենալու են պաշտպանվածության բարձր հատկանիշներ, և 2) լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը ենթադրում է դրամաշրջանառության ծախսերի էական կրճատում:
     Հիշեցնենք, որ ՀՀ գալիք տարի նշելու է դրամաշրջանառության՝ ՀՀ ԴՐԱՄԻ ներդրման 25-ամյակը, որի ընթացքում ձևավորվել են ավանդույթներ, որոնք օրինակելի և ուսուցանելի են դարձել նաև միջազգային մակարդակում: ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ին: Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:
     Հատուկ նշում սպառողների համար: Նոր թղթադրամների ներդրումը չի ենթադրում շրջանառվող թղթադրամների արժեքի որևէ փոփոխություն: ՀՀ պաշտոնական վճարամիջոցը եղել և մնում է ՀՀ դրամը: Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:
     Նշենք նաև, որ ՀՀ ԿԲ միջազգային փորձի ուսումնասիրության, ֆինանսական կազմակերպությունների և գործարար շրջանակների առաջարկությունների արդյունքում, ինչպես նաև դրամաշրջանառության առավել էֆեկտիվ իրականացման համար ներդրվում է նոր՝ (2000) երկու հազար դրամանոց անվանական արժեքով թղթադրամ:
     Հարյուր հազար (100000) դրամ անվանական արժեքով նոր՝ 3-րդ սերնդի թղթադրամներ չեն թողարկվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում մեծացել է անկանխիկ վճարումների ծավալը, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, որոնք վկայում են մեծ անվանական արժեքով թղթադրամների դուրս մղման մասին: Շրջանառվող հարյուր հազար (100000) դրամանոց թղթադրամները կշրջանառվեն՝ մինչև դրամաշրջանառությունից ֆիզիկական մաշվածության պատճառով դրանց դուրս բերվելը:
     Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 11-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հիմքընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդհոդվածի «է» կետը, որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի.

Անվանական արժեք


     Թեմա
     1 000 դրամ
     Պարույր Սևակ
     2 000 դրամ
     Տիգրան Պետրոսյան
     5 000 դրամ
     Վիլյամ Սարոյան
     10 000 դրամ
     Կոմիտաս
     20 000 դրամ
     Հովհաննես Այվազովսկի
     50 000 դրամ
     Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
    
     Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
    
     ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների էսքիզների որոշման նպատակով կենտրոնական բանկի կողմից հայտարարվելու է բաց մրցույթ: Գեղարվեստական մրցույթի պահանջները և վերջինիս անցկացման կարգը հասանելի կլինի ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

6798 | 0
Facebook