Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բռնցքամարտն անկանխատեսելի է, բոլորից էլ կարելի է արդյունք ակնկալել». Դավիթ Թորոսյան

20:25, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
«Բռնցքամարտն անկանխատեսելի է, բոլորից էլ կարելի է արդյունք ակնկալել». Դավիթ Թորոսյան

Ուկրաինայի Խարկով քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը։ Մեր հավաքականի ավագ մարզիչ Դավիթ Թորոսյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսեց առաջնությունից իր ակնկալիքների, ինչպես նաև աճող սերնդի մասին։


     -Ի՞նչ ակնկալիքներով եք մեկնում Խարկով։

-Արդյունքներ ենք ակնկալում։ Բռնցքամարտն անկանխատեսելի մարզաձև է, բոլորից էլ կարելի է արդյունք սպասել։ Առաջին անգամ մեծահասակների առաջնությանը մասնակցելու են Նարեկ Մանասյանը և Գուրգեն Հովհաննիսյանը։ Վատ չեն պատրաստ։ Ուրախ կլինեմ, եթե չեմպիոն դառնան։ Փորձառու Նարեկ Աբգարյանն ուզում է հաղթել։ Ես էլ եմ ուզում, որ անպայման հաղթի։ Բոլորից շատ ես եմ ուզում, որ տղաները հաղթեն։ Լավ է որ ցանկություն կա, բայց կարող ենք իրականացնել, թե ոչ, դա արդեն այլ խնդիր է։

-Ինչո՞ւ Արամ Ավագյանը որոշեց ավարտել սիրողական կարիերան։

-Ես չգիտեմ, թե ով է նման հայտարարություն արել։ Արամը մեր հավաքական թիմի լիարժեք անդամ է, 56 կգ քաշային կարգի առաջատարը։ Նպատակահարմար գտանք, որ այս առաջնությանը չմասնակցի։ Բաց կթողնի նաև աշխարհի առաջնությունը, քանի որ այդ քաշում մասնակից չունենք և չենք կարողանա որակավորվել աշխարհի առաջնությանը։

-Ինչո՞ւմն է խնդիրը, որ 56 կգ և 81 կգ քաշային կարգում մասնակիցներ չունենք։

-Մարդ չունենք այդ քաշային կարգերում։ Չենք ներկայանալու նաև 81 կգ քաշային կարգում։ 56 կգ քաշային կարգում առաջատարը չի մասնակցում, մյուսներն էլ տարբեր դրդապատճառներից ելնելով չեն մասնակցում։ Օրինակ, բանակում ծառայող մարզիկներ ունենք՝ Հենրիկ Մոքոյանը, Վահե Բադալյանը։ Վահեն անկասկած շնորհքով տղա է, բայց այս մակարդակի մրցումների փորձ չունի։ Ինքն էլ է հասկանում դա։ 81 կգ քաշային կարգը սարսափելի կաղում է մեզ մոտ։

-Ի՞նչ է արվում այդ խնդիրը լուծելու համար։

-Մեր հանրապետությունում գործող մարզիչների խնդիրն է բռնցքամարտիկներ նախապատրաստել հավաքականի համար։ Իրենց նախապատրաստած մարզիկներն անասելի թույլ են այդ քաշային կարգերում։ Եթե որևիցե մեկին որևէ մրցման տանենք այդ քաշային կարգում, 100%-անոց պարտություն է։ Այդ պատճառով էլ նպատակահարմար չեմ գտնում որևէ բռնցքամարտիկի ներկայացնել 81 կգ քաշային կարգում։

-Ավարտվեցին երիտասարդների և պատանիների Հայաստանի առաջնություններն։ Ինչպիսի՞ն է աճող սերունդը՝ Ձեր կարծիքով։

-Կրկնում եմ։ Սկզբնական օղակներում հիմնավոր բազան ճիշտ չի դրվում, այստեղից էլ ծագում են մնացած խնդիրները։ Հարգում եմ իրենց աշխատանքը, բայց այն ոչ մի արդյունք չի տալիս։ Կան մարզիկներ, որ համեմատական կարգով առանձնանում են։ Նույն խնդիրները սակայն, իերնք էլ ունեն։ Կարծում եմ՝ հնարավոր է, որ ապագայում հաջողության հասնեն։

3873 | 0
Facebook