Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչպես հասկանանք դրամահավաքության դեմ պայքարը, եթե ուսուցչին աշխատանքի ընդունելու համար կաշառք են պահանջում»․ օգտատերը՝ Լևոն Մկրտչյանին

16:05, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
«Ինչպես հասկանանք դրամահավաքության դեմ պայքարը, եթե ուսուցչին աշխատանքի ընդունելու համար կաշառք են պահանջում»․ օգտատերը՝ Լևոն Մկրտչյանին

«Եթե ուսուցչին աշխատանքի ընդունելու համար կաշառք են պահանջում, ապա ինչո՞ւ եք պայքարում դրամահավաքության դեմ»,- այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատատերից մեկը նման հարց ուղղեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին:
     «Երկուսի դեմ էլ պետք է պայքարել: Դրամահավաքի մեջ էլ ձև կա. թափանցիկության մեջ է խնդիրը, ծնողը, եթե վստահ չէ` այդ գումարը տեղ է հասնում, պետք է պարտադիր միջոցներ ձեռք առնել»,- ասաց նա:
     Հարց եղավ նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության նորանշանակ վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ կապված, ով Երևանի ավագանու ընտրություններին աչքի ընկավ որպես կեղծ վկայականով դիտորդ: Հարցին` արդյոք այդ փաստը չի՞ մտահոգում նախարարությանը և նա միջոցներ չի՞ ձեռնարկել այդ անձին վարչության պետ նշանակելու ուղղությամբ, պատասխանեց, որ այդ հաստիքը քաղաքապետարանի ենթակայության տակ է. «Իհարկե, ես խոսել եմ հետները, ասել են, որ լավ մանկավարժ է, իր գործը լավ գիտի»:
     Մեկ ուրիշ օգտատեր էլ ԿԳՆ-ի գործունեության վերաբերյալ կարծիք էր հայտնել` նշելով. «Ինձ թվում է` ամեն հարց կլուծվի և կրթության ոլորտում խնդիրները կվերանան, եթե կրթության նախարարությունն իր ենթակա ստորաբաժանումների հետ միասին լուծարվի»:
     «Թող լուծարեն, եթե դա է հարցի լուծումը: Երկրում ամեն ինչ կարելի է լուծարել, դա անարխիզմ է, դրա վառ օրինակներ կան աշխարհում, երբ արդյունքում ամեն ինչ թաղվում է քաղաքացիական պատերազմի մեջ... եթե դա լավ է` թող անեն»,- արձագանքեց նախարարը:

7763 | 0
Facebook