Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի՞նչ է պակասում կենդանաբանական այգու բնակիչների պահպանման, խնամքի հարցում. կարծիք են հայտնում փորձագետները

16:40, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
Ի՞նչ է պակասում կենդանաբանական այգու բնակիչների պահպանման, խնամքի հարցում. կարծիք են հայտնում փորձագետները

Վերջին տարիներին կենդանաբանական այգու բնակիչների խնդիրներից թերևս ամենաքննարկվողը նրանց գլխաքանակի նվազումն է: Օրինակ, եթե հետևում ենք մամուլի հրապարակումներին, այդ առումով պատկերը մտահոգիչ է` տարբեր հանգամանքներում սատկում են կենդանաբանական այգու կենդանիներ և թռչուններ։
     Տեղին է հիշել մոտավորապես մեկ ամիս առաջ կենդանաբանական այգի ներխուժած վայրի շների` եղնիկների վրա հարձակվելու միջադեպը, որի արդյունքում սատկել էր երկու եղնիկ, մի քանիս էլ ստացել էին տարբեր չափի վնասվածքներ:

Իսկապես, ի՞նչ է պակասում կենդանիների պահպանման, նրանց խնամքի հարցում. վերահսկողությա՞ն պակասն է, թե այլ պատճառներ են առկա:

Թեպետ այս հարցերի վերաբերյալ MAMUL.am-ի թղթակիցը հարցում է ուղարկել նաև Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությանը, սակայն մինչ պատասխան ստանալը որոշեցինք զրուցել կեդանիների խնդիրներով զբաղվող տարբեր մասնագետների հետ:

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով շների կողմից եղնիկների վրա հարձակմանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչը կարող էր պատահարի պատճառ լինել, հնարավո՞ր է ցանկապատումը պատշաճ չի արված և այլն, ասաց, որ դրանք բոլորն էլ արված են, պարզապես, ցանկապատ կոչվածն այնպիսին է, որ դրա արանքով «բեգեմոտն» էլ կարող է անցնել. «Ինչ վերաբերում է շներին ոչնչացնելուն, պետք է գիտենալ, որ այդ պահակներն առաջին հերթին բնապահպաններ են և չեն կարող շների վրա կրակել, շուն ոչնչացնել, դա բացառված է»:

Գլխաքանակի նվազման հետ կապված Ս. Ադամյանը դժվարացավ որևէ բան ասել` նշելով, որ այդ խնդիրներով իրենց ՀԿ-ն վաղուց չի զբաղվում. «Գոյություն ունի Կենդանաբանական այգուն կից մասնագիտական խորհուրդ, որն էլ արդեն քանի տարի է զբաղվում է այգու բոլոր խնդիրներով»,- նշեց նա:

Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանն այն կարծիքին է, որ եթե ուժեղ հսկողություն լիներ` նման պատահար չէր լինի. «Ցանկացած ոլորտում նման բան լինում է` վարորդը, որ հմուտ վարորդ է, լսում ես` քնով է ընկել, ավտովթարի է ենթարկվել... Պատահում է: Էս դեպքում լավ պահակ լիներ, նման բան տեղի չէր ունեա. բայց ո՞ւր ա վերահսկողություն... Դրա համար պիտի պատժվեին, պահպանության պետը պիտի պատժվեր, բայց պատժվե՞ց: Եթե չես պատժում` անընդհատ կրկնվում է»,- կարծիք հայտնեց փորձագետը:

Կենդանիների խդիրներով զբաղվող «Փրո Փոուզ» բարեգործական կազմակերպության անդամ Կարինե Փանոսյանը մեր թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կենդանիները շատ հաճախ կարող են հիվանդանալ և անկում ապրել` փոխելով միջավայրը և հայտնվելով ոչ հարմարավետ ազատավանդակների մեջ: «Կենդանաբանական այգիներ առհասարակ չպետք է լինեն: Կենդանին պետք է ապրի իր բնական միջավայրում, իր էկոլոգիական պահանջներով: Այսինքն` առյուծը պետք է ապրի Աֆրիկայում, ջայլամը` Ավստրալիայում կամ Աֆրիկայում, փիղը` Ասիայում կամ դարձյալ Աֆրիկայում, որտեղ իրեն հարմար է: Կենդանին, երբ տեղափոխվում է մեկ ուրիշ վայր, փոխում իր պայմանները մեկ ուրիշ պայմանների հետ, անպայման առողջական և հոգեբանական խնդիրներ է ունենում: Մարդը նույնպես, երբ գնում է Սիբիր, այդ սառնամանիքին դժվարությամբ է հարմարվում, և հակառակը, երբ հյուսիսից գնում է հարավ` էլի ծանր է տանում շոգը: Էլ չեմ ասում կենդանիների դեպքում. վանդակում պահվելու դեպքում և´ ֆիզիկական, և´ հոգեբանական խնդիրներ են առաջ գալիս»,- բացատրեց կենդանապաշտպանը:

Իհարկե, նա չմոռացավ նշել, որ վերջին տարներին կենդանաբանական այգու վիճակը բավականին բարելավվել է, «նեղ, փոքր վանդակները փոխարինվել են ավելի մեծ վադակներով», բայց, այնուամենայնիվ` «վանդակը մնում է վանդակ»:

Խոսելով կենդանաբանակ այգում թափառող շների, կոնկրետ՝ վերջին դեպքի մասին` դժվարացավ ասել, թե այստեղ ում մեղավորությունն է ավելի շատ. «Շներն ամեն տեղից կարող են ներս մտնել, կենդանաբանական այգին հո փշալարերով չի՞ պատված»,- նկատեց մեր զրուցակիցը` հավելելով, որ թափառող շները միշտ էլ խնդիր են ներկայացնում. «Շներն ամենուր են թափառում: Խնդիրներից մեկն այն է, որ ինչքան էլ ստերջացնես և վերադարձնես բակ, եթե որևէ մեկն իր տան շանը հանում է դուրս` սա արդեն սպառնալիք է: Նրանցից շատերը չեն կարողանում գոյատևել և դառնում են ագրեսիվ մարդկանց նկատմամբ, ու սկսում են բազմանալ: Այսինքն` վերահսկողությունը պետք է լինի ոչ միայն պաշտոնյաների կողմից, այլև հասարակության մեջ պետք է զարգանա այն գաղափարը, որ ցանկացած կենդանու համար պատասխանատու են ոչ միայն պետական կառույցները, ՀԿ-ներն, այլև՝ ինքը»,- նշեց Կարինե Փանոսյանը:

Հավելենք, որ մեր հարցման մեջ ներառված է նաև մամուլի վերջին հրապարակումներից մեկում շրջանառվող այն լուրը, թե այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում, ինչն էլ թաքցնելու համար այգու աշխատակիցներն ու ղեկավարությունը հայտարարում են, թե կենդանիները սատկել են:

4074 | 0
Facebook