Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ո՞վ է իրականում դժգոհ Կատարից․ Գագիկ Համբարյան

17:55, երկուշաբթի, 05 հունիսի, 2017 թ.
Ո՞վ է իրականում դժգոհ Կատարից․ Գագիկ Համբարյան

Կտրուկ վատթարացող իրավիճակը Մերձավոր Արևելքում և հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանում բավական մեծ իրարանցում է առաջացրել: Հիշեցնեմ, որ այսօր Սաուդյան Արաբիան, ՄԱԷ-ն, Բահրեյնը, Լիբիան, Եգիպտոսը, Եմենը, Մալդիվները հայտարարեցին,որ խզում են դիվանագիտական հարաբերությունններն իրենց վաղեմի բարեկամ Կատարի հետ: Այս ամենի պատճառը մեկ շաբաթ առաջ Կատարի ԱԳՆ-ի հայտարարությունն էր, ըստ որի Կատարի էմիր ալ-Թանին առաջարկել էր կարգավորել հարաբերություններն Իրանի հետ և պաշտպանել էր «Մահմեդական եղբայրներ» ահաբեկչական կազմակերպությանը: Չնայած նրան,որ Կատարի իշխանությունները հետագայում հայտարարեցին, որ այդպիսի հայտարարությամբ հանդես չեն եկել, բայց Էր Ռիադում և մյուս մայրաքաղաքներում չհավատացին Դոհային: Հիշեցնեմ, որ մինչ այս հայտարարությունը մայիսի վերջին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի էր ունեցել մահմեդական երկրների ղեկավարների և ԱՄՆ նախագահի մասնակցությամբ գագաթաժողով, որի ժամանակ ընդունվել էր հակաիրանական բանաձև՝ Իրանի դեմ միասնակակ ճակատով գործելու մասին: Կատարի ԱԳՆ-ի հայտարարությունը ուղղակի չէր տեղավորվում այս բանաձևի մեջ և Պարսից ծոցի միապետություններն սկսեցին միասնական պատժել Դոհային: Կատարի հետ դիվանագիտական հարաբերություններ խզած երկրները ալ-Թանիներին մեղադրում են «Ալ-Ղայդա» և «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպություններին պաշտպանելու համար: Զարմանալին նրանում է, որ այդ երկրները հիմա նոր են «բացահայտում», որ Կատարը այդ ահաբեկչական կազմակերպությունների հովանավորն է...Բայց խնդիրը նրանում է, որ Դոհայի հետ համատեղ այդ ահաբեկչական կազմակերպություններին հովանավորել և պաշտպանել է նաև Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և ՄԱԷ-ն: Սակայն Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին Կատարի արած հայտարարությունից հետո նոր Էր Ռիադում, Էլ Քուվեյթում և Աբու Դաբիում հիշեցին, որ Դոհան պաշտպանում է «ԻՊ»-ին ու նույն Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի կողմից 20-րդ դարի 80-ականներին ստեղծված բեն Լադենի «Ալ-Ղայդային»: Արդեն 6 տարի է` նույն «ԻՊ»-ը սարսափելի հանցանքներ է գործում Սիրիայում, Իրաքում, իսկ վերջին շրջանում նաև Աֆղանստանում, Եմենում և Լիբիայում: Ո՞րտեղ էին սաուդացիները, Էմիրությունների կամ Եգիպտոսի ներկայացուցիչները: Ինչո՞ւ չէին բարձրաձայնում այս մասին: Չէին բարձրաձայնում, որովհետև համապատասխան հրահանգ չկար: Այն, ինչ հիմա կատարվում է Կատարի շուրջ՝ դա նախազգուշացում է ալ-Թանիներին Վաշինգտոնից: Առանց ԱՄՆ-ի «դաբրոյի» ոչ մեկը չէր հանդգնի այսպիսի քայլի Կատարի դեմ: Ալ-Թանիները մինչև հիմա համարվել են Վաշինգթոնի շահերի գլխավոր հովանավորները և պաշտպանը տարածաշրջանում: Պարսից ծոցում տեղակայված երկրորդ մեծությամբ ռազմաբազան (Քուվեյթուից հետո) գտնվում է Կատարում՝ «ալ-Ադիդ» ռազմաբազան է: Կատարը Սաուդյան Արաբյաի հետ համատեղ միլիարդավոր դոլլարներ է ծախսում տարածաշրջանում «վերահսկելի քաոս»-ի ամերիկյան քաղաքկանությունն առաջ մղելու համար, որի գլխավոր նպատակն է կազմաքանդել նավթով և գազով հարուստ պետությունները՝ Իրաք, Լիբիա, Սիրիա, որոշները ենթարկել իրեն՝ Քուվեյթ, Կատար, ՄԱԷ, Օման, Սաուդյան Արաբիա՝ նրանց հարստությունը դարձնելով վերահսկելի Վաշինգթոնի կողմից, որը անհրաժեշտության դեպքում օգտագործվելու է ԱՄՆ-ի և նրա դաշնակից Իսրայելի շահերի համար: «Վերահսկելի քաոս» ծրագրի վերջնական նպատակն է Իրանին ծնկի բերելը և նրա հարստությանը տիրանալը: Հենց այդ նպատակով էլ մայիսի 20-ին Էր Ռիադում էին հավաքվել մահմեդական երկրների ղեկավարները և Դոնալդ Թրամփը: Ու հանկարծ այդ հանդիպումից հետո Կատարը հանդգնում է խաղից դուրս գալ: Դա նրան ոչ մեկ չէր ների և հատկապես Վաշինգթոնը, որը նույն Կատարի և Սաուդյան Արաբիայի հետ միասին մեծ ռեսուրներն է ներդրել Սիրիան կազմաքանդելու և Իրանից հեռացնելու համար: Ու հանկարծ, դեռ գործը չավարտած, Կատարը ցանկանում է լքել նավը:
     Հիմա ԱՄՆ-ն մինչև վերջին պահը կփորձի Սաուդյան Արաբիայի, ՄԱԷ-ի, Եգիպտոսի միջոցով հետ դարձի բերել «անառակ» Կատարին՝ չբացահայտելով իր դժգոհությունը Դոհայի քաղաքականությունից: Ընհդհակառակը, հիմա Վաշինգթոնը կփորձի խաղաղարարի դեր ստանձնել հակամարտող կողմերի միջև ՝ցույց տալով, որ նրան ձեռնտու չէ, որ իր դաշնակիցների միջև կան տարաձայնություններ: Եթե այդ քաղաքականությունն արդյունք չտվեց, հավանական է, որ նույն ԱՄՆ-ն պատմության գիրկն ուղարկի 19-րդ դարի կեսերից Կատարը ղեկավարող ալ-Թանիների դինասիային, որին կարող է բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղադրել, իսկ նրանց տեղում ինչ-որ մարիոնետի կարգել, որի համար Վաշինգթոնից եկած հրամաններն ավելի կարևոր կլինեն, քան ազգային շահերը:
     Կատարի հարաբերությունների լավացումը Իրանի հետ կբերի նաև «սուննիական» կոալիցիայի կազմաքանդմանը, որը ձևավորվել է Եմենում տեղի շիա հուսիների դեմ պայքարելու նպատակով: Դա չի համընկնում Սաուդյան Արաբիայի և նրա անդրօվկիանոսյան հովանավորի շահերի հետ:
     Հավելեմ, որ այս պահի դրությամբ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան պարտվում են Իրանին: Սիրիայում և Եմենում նրանց կողմից հովանավորվող ահաբեկչական կազմակերպությունները պարտություն են կրում իրանցիների կողմից հովանավորվող Ասադին և հուսիներին: Չմոռանանք, որ Իրաքի նավթով հարուստ հարավը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի արևելքը, որը տալիս է երկրի նավթի պաշարի 95%-ը, բնակեցված են շիաներով, որոնք սպասում են համապատասխան հրահանգների Թեհրանից: Բահրեյնի թագավորը, ում թիկունքին կանգնած է Էր Ռիադը շատ խոցելի է Իրանի համար:
     Հ.Գ.Կատարը շատ փոքրիկ, բայց թանկարժեք «իր» է բոլորի համար: 11586 քառակուսի կիլոմետր և 1,7 միլիոն բնակչություն ունեցող այս «թիզուկի» ՀՆԱ-ն կազմում է 323,2 միլիարդ ամերիկյան դոլլար: Իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի չափով Կատարն աշխարհում առաջին տեղում է՝ 144 400 հազար ԱՄՆ դոլլար: Համեմատելու համար ասեմ, որ Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 3 037 դոլլար:

9863 | 0
Facebook