Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վաշինգթոնում թուրքերը հարձակվել են Էրդողանի դեմ ակցիա իրականացնող հայերի վրա (տեսանյութ)

10:15, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
Վաշինգթոնում թուրքերը հարձակվել են Էրդողանի դեմ ակցիա իրականացնող հայերի վրա (տեսանյութ)

Մայիսի 16-ին Վաշինգթոնում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ, մի խումբ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել թուրք նախագահ Ռեջեփ Էրդողանի` Միացյալ Նահանգներ այցելության դեմ: Հայերին միացել էին նաև քրդեր և եզդիներ:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում հաղորդվում է, որ հակացույց էին կազմակերպել նաև Վաշինգթոնի թուրքական կազմակերպությունները`աջակցություն հայտնելով Էրդողանին: Ակցիայի ժամանակ թուրքերը, ճեղքելով ոստիկանական ուժերը, հարձակվել են խաղաղ ցույց իրականացնող հայկական, քրդական համայնքի ներկայացուցիչների վրա և հարվածել նրանց: Առնվազն 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, կան ձերբակալվածներ:

Ավելի վաղ Հայ դատի հանձնախումբը ևս հայտարարություն էր տարածել Էրդողանի Վաշինգթոնի այցի կապակցությամբ: «Սա նախագահ Թրամփի հնարավորությունն է դեմ դուրս գալու Էրդողանին: Ժամանակն է մարտահրավեր նետել Էրդողանի սպառնալիքներին և թուրքական կառավարության քողարկված արշավին, որը միտված է ազդել ԱՄՆ քաղաքականության վրա օտարերկրյա գործակալներին, լոբբիստներին ու ազդեցություն ունեցող այլ անձանց տրվող խնդրահարույց վճարումների միջոցով: Նա կարող է առաջնահերթ համարել ամերիկյան սկզբունքները և մերժել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության հիշատակմանն ուղղված Թուրքիայի արգելքը»,- ասվում է հայտարարության մեջ:

10587 | 1
Facebook