Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երեք տարեկանից բարձր 2304 երեխա, որոնք պետք է մանկապարտեզ հաճախեին, դեռևս հերթում են». Անահիտ Բախշյան

14:05, ուրբաթ, 12 մայիսի, 2017 թ.
«Երեք տարեկանից բարձր 2304 երեխա, որոնք պետք է մանկապարտեզ հաճախեին, դեռևս հերթում են». Անահիտ Բախշյան

«Հանրակրթության մասին օրենքում շատ հստակ գրված է` քաղաքական քարոզչությունն արգելվում է: Եվ այն տնօրենները, ովքեր աշխատանքի ժամին հեռախոսով պատմում եմ իրենց հավաքագրած ցուցակների մասին, նրանք խախտում են օրենքը, ապօրինի գործունեություն են անում, էլ չեմ ասում մնացած ապօրինությունները, երբ մարդկանց հավաքում են և ասում, թե դու այսինչին պետք է ձայն տաս: Այս ուղղությամբ «Ելք» դաշինքը լուրջ գործունեություն է ծավավելու, ինչը մեր ծրագրերում ներառված է»,- այսօր «Մեդիա կենտրոնում» «Հանրակրթության ոլորտի խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում» թեմայով քննարկման ժամանակ, ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխնախագահ Անահիտ Բախշյանը:
     Անդրադառնալով նախադպրոցական հաստատություններում առկա խնդիրներին, նա նշեց, որ թեպետ մանակապարտեզներում երեխաների հերթագրումն էլեկտրոնային եղանակով է արվում, սակայն այդ հարցը մինչև վերջ լուծում չի ստացել. «Այդ էլեկտրոնային ցուցակները պետք է դրվեր մանկապարտեզների կայքում, որպեսզի ծնողը հետևի իր երեխայի հերթագրման առաջխաղացմանը: Չի իրականացվել մինչ օրս: Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը: Եթե տեխնիկական բազայում կան այդ տվյալները, ինչո՞ւ չեք տեղադրում, եթե, իհարկե, ամեն ինչ բազայում մաքուր է, թափանցիկ»,- հարցադրում արեց Ա. Բախշյանը` հավելելով, որ արդեն երկու տարի է, ինչ խնդրում է տրամադրել` ըստ մանակապարտեզների հերթագրված երեխաների ցանկը, սակայն, անհասկանալի պատճառներով, մերժում է ստանում:
     Ըստ Կրթության ազագային ինստիտուի փոխնախագահի, 2015 թ. տվյալների, մայրաքաղաքի մանկապարտեզներում 3 տարեկանից բարձր տարիքի հերթագրված 2304 երեխա կա: «Այսինքն` այդ երեխաները, որոնք պետք է մանկապարտեզ հաճախեին, դեռևս հերթում են»,- ասաց Ա. Բախշյանը:
     Վերջինի խոսքով, լուրջ խնդիր է ներկայացնում նաև որոշ մանկապարտեզներում խմբերի գերծանրաբեռնվածությունը: «Նախադպրոցական հիմնարկներում անթույլատրելի է խմբերի երեխաների թիվը: Խմբեր կան, որտեղ 40-42 երեխա է, այնինչ կանոնադրությունն ամենաշատը 30 հոգի է թույլատրում: Դաստիարակներն ու դայակները ստանում են նվազագույն աշխատավարձ. ո՞նց պահանջես այդ երեխաների դաստիարկություն, խնամք, ամեն ինչ»,- ասաց Բախշյանը` նշելով, որ այս հարցը բազմիցս քննարկվել է քաղաքապետարանում, սակայն լուծում չի ստացել, որովհետև խմբերում տեղ չկա:

2949 | 0
Facebook