Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ցանկության դեպքում կարող էին շատ կարճ ժամկետում հայտնաբերել «ՍԱՍ գրուպ»-ի ժողովը կազմակերպողներին և մեղադրանք առաջադրել». Ա. Սաքունց

15:20, երեքշաբթի, 02 մայիսի, 2017 թ.
«Ցանկության դեպքում կարող էին շատ կարճ ժամկետում հայտնաբերել «ՍԱՍ գրուպ»-ի ժողովը կազմակերպողներին և մեղադրանք առաջադրել». Ա. Սաքունց

Խորհրդարանական ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպ»-ում տեղի ունեցած ժողովի սկանդալային ձայնագրությունից մինչ օրս, թեպետ ձայնագրությունում կոնկրետ անուններ են նշվում, դեռ ոչ ոք չի ձերբակալվել: Ըստ լուրերի` ժողովը վարող անձն, ով Արտակ Սարգսյանի եղբայրն է, ևս չի դիտվում որպես կասկածյալ կամ մեղադրյալ. համենայնդեպս համապատասխան կառույցները նման հայտարարություններ չեն արել:
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք ի՞նչ փուլում է վերոնշյալ գործը, Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը պատասխանեց, որ այս պահին ոչինչ ասել չեն կարող. «Պարզապես նախաքննության շահերից ելնելով նպատակահարմար չի այդ մասին որևէ բան ասել: Գործը նախաքննության փուլում է, ավելին ասել չեմ կարող, նորություն լինելու դեպքում հանդես կգանք հայտարարությամբ»:
     Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից MAMUL.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե արդյոք ժամանակը բավարա՞ր չէր, որպեսզի իրավապահ մարմինները հայտնաբերեին և պատասխանատվության ենթարկեին ժողովը վարող անձին, հատկապես, երբ շրջանառվում էր ՍԱՍ-ի գործադիր տնօրեն Արտակ Սարգսյանի եղբոր անունը, կարծիք հայտնեց, որ ոչ միայն բոլորը վաղուց գիտեն, թե ովքեր են կասկածյալները, այլև տեղյակ են, թե ում կողմից է այդ ժողովը կազամկերպվել, ում թույլտվությամբ են նման հավաքներ կազմակերպվում: «Նման ժողովներ ոչ միայն «ՍԱՍ գրուպ»-ում ոն լինում, այլև մյուս բիզնես կառույցներում: Եվ այսօր ոչ թե «նախաքննություն» ձևակերպմամբ աշխատանքներ են գնում, ինչպես փորձում են այդ ձևակեպմամբ սեփական անգործությունները քողարկել այդ կառույցները, այլ պետք է իրական գործողություն իրականացնել և հստակ մեղադրանք առաջադրել այդ ժողովը կազմակերպողին, նրան հրահանգ տվողին և զուգահեռներ անցկացնեն»: Սաքունցի խոսքով, եթե Ազգային անվտանգության ծառայությունը կարողանում է կարճ ժամկետում հայտնաբերել ադրբեջանական արտադրության խնձորը ներմուծածների ապօրինի շրջանակը, սա նշանակում է, որ համապատասխան կարողություն ունեն: Ինչ վերաբերվում է ՍԱՍ-ի ժողովին, ապա, ըստ նրա՝ սա ոչ Ադրբեջանից է, ոչ Վրաստանից. սա Հայաստանում կատարված իրադարձություն է և ցանկության դեպքում իրավապահները կարող էին շատ կարճ ժամկետում համապատասխան աշխատանքների և օպերատիվ գործողությունների միջոցով ձեռք բերել անհրաժեշտ տվյալներ՝ հիմնավորելու հանցագործության կատարման մեջ մեղավոր անձանց և մեղադրանք առաջադրել:
     «Հստակ մի բան պիտի հասկանալ՝ Հայաստանի Հանրապետության գործող իշխանության համար ընտրական խախտումները, ընտրակաշառքները, ընտրողների կամքի, ազատության նկատմամբ սահմանափակումները, բռնությունները չեն համարվում հանցագործություն: Դա պետության դեմ կատարված հանցագործություն չի որակվում»,- նկատեց մեր զրուցակիցը:
     Հարցին՝ արդյոք այս գործը նույնպե՞ս կկոծկվի, ինչպես քրեական տարրեր պարունակող շատ այլ գործեր են կոծկվել, Ա. Սաքունցը համոզմունք հայտնեց, որ հենց այդպես էլ կլինի: «Հիմա ավելի շատ փնտրում են մի այնպիսի մարդու և մեղադրանք առաջադրել, որը որ հանցագործության բուն բովանդակությունն ամբողջությամբ կեղծված կներկայացնի և որի նկատմամբ քրեական գործ կհարուցեն: Սակայն վստահ եմ, որ դա էլ չեն անելու»:
     Ըստ իրավապաշտպանի, ընտրությունների ժամանակ ամբողջ հանրապետությունը «վխտում էր» ընտրակաշառքների բաժանմամբ, դպրոցների և մանկապարտեզների տնօրենների մասնկացությամբ կատարված զանգվածային հանցագործության մասին տվյալներով, սակայն ոչինչ չձեռնարկվեց. «Էլ ինչի՞ մասին է խոսքը: Սա անպատժելիության դրսևորում է, որը հանդիսանում է իշխանության գոյատևման, իշխանության շարունակության ապհովման միակ հնարավորությունը»,- եզրափակեց իրավապաշտպանը:
     Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին համացանցում հայտնվեց ձայնագրություն, որտեղ 2017 թվականի ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպ»-ի ղեկավարությունն աշխատակիցներին ժողովի էր հրավիրել, որտեղ քննարկել էին, թե ով ինչքան ձայն պետք է բերեր թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի օգտին:
     Նշենք նաև, որ ձայնագրության առթիվ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել:

4226 | 0
Facebook