Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են «Ավրորա»-ի հավակնորդների անունները

14:55, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Հայտնի են «Ավրորա»-ի հավակնորդների անունները

Ինչպես արդեն հայտնել էինք, «Ավրորա» մրցանակաբաշխության այս տարվա հավակնորդները հայտնի կդառնան այսօր` ապրիլի 24-ին:
     Եվ այսպես, «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը ներկայացրել են մրցանակի հինգ հավակնորդին, որին ընտրել է միջազգային հանձնաժողովը:
    
     Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման

Ֆարթուն Ադանը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի (EPHRC) գործադիր տնօրենն է: 1996թ. Սոմալիում պատերազմող զինվորականներն սպանեցին Ֆարթունի ամուսնուն նրա խաղարար գործունեության համար: Այդ օրվանից Ֆարթուն Ադանը պայքարում է Սոմալիում մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղության հաստատման, զարգացման և մանկահասակ զինվորականների լիարժեք վերականգնման համար՝ հաճախ վտանգավոր և անբարենպաստ պայմաններում: 2010թ. Ադանը նախաձեռնեց «Քույր Սոմալի» ծրագիրը՝ աջակցելու գենդերային բռնությունների ենթարկվածներին, ում հաջողվել է ողջ մնալ բռնաբարությունից հետո կամ խուսափել պարտադիր ամուսնությունից: Նա ստեղծեց սեռական բռնությունների առաջին թեժ գիծը Սոմալիում, իսկ 2011 թվականին Մոգադիշոյում հիմնեց բռնաբարությունների ճգնաժամի կենտրոն: Մինչ օրս կենտրոնն օգնել է ավելի քան 400 սոմալացի կանանց և աղջիկների՝ տրամադրելով խորհրդատվություն և բժշկական աջակցություն, բիզնես նախաձեռնելու հնարավորություններ և ֆինանսական միջոցներ, կազմակերպելով գործարարական հմտությունների դասընթացներ և տեղափոխելով նրանց ավելի ապահով վայրեր: Ֆարթուն Ադանի քսանյոթամա դուստրը՝ Իլվադ Էլմանը EPHRC-ի հարցերով մոր գործընկերն է: ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից տիկին Ադանը պարգևատրվել է «Խիզախ կին» միջազգային մրցանակով: Նա «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի գործունեության համար պարգևատրվել է նաև Գերմանիայի կառավարության կողմից: 2015-ին Հարվարդի համալսարանը տիկին Ադանին և նրա դստերը շնորհեց «Գլեյցմանի միջազգային ակտիվիստ» մրցանակը:


    
     Ջամիլա Աֆղանի
    
Ջամիլա Աֆղանին «Նուռ» կրթական և հնարավորությունների ընդլայնման կազմակերպության հիմնադիրն է: Նա աշխատում է ընտանիքների հետ՝ նպաստելով հեռավոր գյուղերում աղջիկների դպրոցում կրթություն ստանալու հեռանկարին, աշխատանքներ է տանում հազարավոր իմամների (մահմեդական առաջնորդների) հետ՝ հավաստիացնելով կանանց կրթություն ստանալու, նրանց իրավունքները պաշտպանելու կարևորությունը՝ համաձայն իսլամական և միջազգային օրենքների: Տիկին Աֆղանին ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո աշխատել է կրթության բնագավառում՝ ծառայելով Փեշավարի փախստականների ճամբարներում ապրող աֆղանացի երիտասարդներին: Նրա՝ կանանց, երեխաների և երիտասարդների համար հնարավորություններ ստեղծելու նպատակով նախաձեռնած տնտեսական և սոցիալական ծրագրերը գործում են Աֆղանստանի 18 շրջաններում: Կրոնական փոխըմբռնման «Թանենբաում» կենտրոնը Ջամիլա Աֆղանիին շնորհել է «Կրոնական խաղարարար» մրցանակը: Աֆղանին արժանացել է նաև բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների:


    
     Դենիս Մուկվեգե
    
Բժիշկ Դենիս Մուկվեգեն հիմնել է Փանզի հիվանդանոցը 1999 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արևելյան շրջաններում ընթացող տևական պատերազմի ժամանակ: 1999 թվականից ի վեր՝ Մուկվեգեն իր անձնակազմի հետ միասին օգնել է սեռական բռնություններից տուժած ավելի քան 50,000 մարդու: Բժշկական օգնությունից բացի հիվանդանոցը հիվանդներին տրամադրում է իրավական, սոցիալ-հոգեբանական աջակցություն: Բժիշկ Մուկվեգեն խիզախորեն պայքարում է կանանց պաշտպանելու և սեռական բռնությունների պատասխանատուներին, այդ թվում՝ Կոնգոյի կառավարությանը և ԿԴՀ-ի արևելքը գրաված գրոհայիններին պատասխանատվության ենթարկելու համար: Նա բազմաթիվ պատվոգրերի և մրցանակների է արժանացել, այդ թվում՝ 2014թ. Սախարովի մրցանակի: 2016թ. Fortune ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի 50 ամենաազդեցիկ առաջնորդների ցանկում: Բժիշկ Մուկվեգեն հինգ անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի և Հարվարդի համալսարանի կողմից արժանացել է պատվավոր դոկտորի կոչման:


     Մուհամադ Դարվիշ

Մուհամադ Դարվիշը քսանվեցամյա ատամնաբույժ է Սիրիայի պաշարման մեջ գտնվող Մադայա քաղաքում: Մինչ շատ բժիշկներ լքեցին Սիրիան, խուսափելով բռնություններից և հիվանդանոցների ու բուժանձնակազմի վրա պարբերական հարձակումներից, Դարվիշը նախընտրեց վերադառնալ Մադայա: Նա այնտեղ գտնվող երեք բժիշկներից մեկն է և ծառայում է 40,000 բնակչության: Սիրիայի կառավարական ուժերը բազմիցս սպառնացել են նրան մարդասիրական գործունեության համար: Իր հիվանդների, մեծամասամբ երեխաների, վիճակը հանգամանորեն գրանցելու միջոցով Դարվիշին հաջողվել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մադայայում տեղի ունեցող իրադարձությունների վրա:


    
     Թոմ Քաթինա
    
2007 թվականից ի վեր ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից Սուդանում հաստատված կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինան միակ բժիշկն է Սուդանի քաղաքացիական պատերազմից տուժած Նուբա լեռներում, որի բնակչությունը գերազանցում է կես միլիոնը: Բժիշկ Թոմ Քաթինան օրական մինև 400 հիվանդ է ընդունում և շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ հասանելի է հեռախոսով: Հիվանդները բժիշկ Քաթինայի մոտ բուժվելու համար յոթօրյա ճանապարհ են անցնում: Նրանք սովորաբար հիվանդանոց են գալիս ռմբակոծության հետևանքով առաջացած վնասվածքներով և տարբեր հիվանդություններով՝ կոտրվածքներից մինչև թերսնուցում և մալարիա: Տեղի սահմանափակ պայմանների պատճառով՝ Քաթինան հաճախ ստիպված է լինում հիվանդներին հնացած մեթոդներով բուժել: Հաճախ հաստատությունում չի լինում ջուր կամ էլեկտրաէներգիա: Քաթինայի գնահատմամբ՝ նա տարեկան հազար վիրահատություն է կատարում: Բժիշկ Քաթինան եղել է 2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ և համարվում է համաշխարհային բժշկության ասպարեզում նշանավոր հումանիտար գործիչ:


    
     Հավելենք, որ հավակնորդներից յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել առաջադրել մինչև երեք կազմակերպություն՝ ստանալու 1 միլիոն դոլարի դրամաշնորհը: Մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի մայիսի 28-ին Երևանում:

Հայտնի են «Ավրորա»-ի հավակնորդների անունները
4152 | 0
Facebook