Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարի թաղին նոր ավտոբո՞ւս, թե՞ «աչքին թոզ փչելու» հայտնի մեխանիզմ

17:05, ուրբաթ, 31 մարտի, 2017 թ.
Սարի թաղին նոր ավտոբո՞ւս, թե՞ «աչքին թոզ փչելու» հայտնի մեխանիզմ

MAMUL.am-ի տեղեկություններով, Սարի թաղի 9 համարի ավտոբուսի հետ միասին տարածքի բնակչությանն այսուհետ սպասարկում է նաև նորահայտ 13 համարի մի ավտոբուս:
    
Բնակիչների պատմելով` նախքան ավտոբուսի հայտնվելը, տնետուն շրջող և ընտրողներ ցուցակագրող ՀՀԿ-ական ներկայացուցիչը, տարածքի տրանսպորտային երթուղին իրականացնող գծի տիրոջ անունից խոստացել էր ավտոբուս ավելացնել թաղամասում, եթե, իհարկե, բնակչությունն, ընտրություններում, իրեն ձայն տա: Սարիթաղցիներն իրենք էլ գիտեն, որ իրենց մասին չինովնիկները հիշում են ընտրությունից ընտրություն, և քանի որ վերջինները խոստումներից առավել նախընտրում են «աչքով տեսնելը», ուստի տարածքում աշխատող ՀՀԿ-ականները գործի են լծվում:
     «Մի օր, սովորականի պես գնացինք կանգառ, որ նստենք մեր ավանդական ավտոբուսները ու գործի գնանք: Ինչ տեսնենք՝ նոր ավտոբուս է կանգնած: Զարմացանք. վարորդն ասեց, որ էսօրվանից այդ ավտոբուսն է սպասարկելու մեզ…»,- մեզ հետ զրույցում պատմեց Սարի թաղի բնակիչներից մեկը:
     Նա ասաց, որ այդ նորամուծությունը մյուս վարորդների սրտով չէ, քանի որ նոր ավտոբուսը «խփում է իրենց գործին»: «Առաջվա խցանումներն ու գանգատները չկան, բայց վարորդները շատ են սրտնեղում, որ քիչ են գումար աշխատում: Նրանք էլ չեն թաքցնում, որ մի քանի օր է աշխատելու այդ ավտոբուսը, վստահ են, որ դա երկար չի տևելու, և ընտրություններից հետո ամեն ինչ առաջվա պես է լինելու»:
     Ի դեպ, Սարի թաղն սպասարկող նոր ավտոբուսային երթուղու վերաբերյալ, Երևանի քաղաքապետարանը նույնպես հայտարարություն է տարածել՝ նշելով. «Հաշվի առնելով մայրաքաղաքի Սարի թաղի ուղևորափոխադրման կազմակերպումը բարելավելու անհրաժեշտության մասին տարածքի բնակիչների խնդրանքը` Երևանի քաղաքապետարանը ավտոբուսային հ.13 երթուղու ուղեգիծը երկարացրել է մինչև Սարի թաղ, որի արդյունքում կապահովվի տվյալ տարածքից տրանսպորտային անմիջական հաղորդակցությունը դեպի Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ»:
     Հարկ է նշել, որ տարածքի բնակչությունը վերջին տասը տարում այս խնդիրը մշտապես բարձրացրել է և ոչ մի անգամ լուծում չի ստացել. միայն խոստումներ, այն էլ՝ ընտրությունից ընտրություն:
     Քաղաքապետարանի տեղեկատվական և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, մեր հարցին, թե ավտոբուսի սպասարկումը որքան ժամանակ է տևելու, քանի որ տեղաբնակները պատմել են, որ ընտրություններից հետո այն դարձյալ հանվելու է, մեր զրուցակիցը նյարդայնացավ. «Ի՞նչ է նշանակում` որքան է սպասարկելու… ինչ լինում է, ասում եք ընտրությունների հետ է կապված: Որևէ բան մի կապեք ընտրությունների հետ: Լավ բան անում ենք, ասում եք ընտրությունների հետ է կապված… Հայտարարությունում ամեն ինչ հստակ ասված է, նորից եմ կրկնում՝ քաղաքային ծրագրի շրջանակում ենք դա իրականացրել, ոչ թե ժամանակավոր, այլև մշտական …»:
     Նշենք, որ MAMUL.am-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Սարի թաղի տրանսպորտին առնչվող խնդիրները և շարունակելու է հետևողական լինել:

5975 | 1
Facebook