Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարգսյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը

16:25, չորեքշաբթի, 15 մարտի, 2017 թ.
Սարգսյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
     Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
     Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ: Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում փոխընդունելի լուծումների որոնման հարցում` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Երևանի ու Բաքվի հետ ուղիղ շփումների միջոցով:
     Նեղ կազմով հանդիպման սկզբում ՌԴ Նախագահը գործընկերոջն ասել է, որ ապրիլի 3-ին Ռուսաստանն ու Հայաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային բնույթ: «Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպություններում գրեթե բոլոր ուղղություններով՝ ներառյալ հետխորհրդային տարածքում ստեղծվածները, ինչպես նաև ունիվերսալ միջազգային կազմակերպություններում:
     Այս տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մշտապես կառուցվել են անցյալի, դարերի խորքից եկող խորը արմատների հիման վրա: Դրանք նույնկերպ շարունակվում են զարգացման ներկա փուլում:
     Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաև Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, և այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը»,- նշել է Պուտինը:
     Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ու նշել, որ այդ տարիները եղել են սերտ համագործակցության ժամանակաշրջան, հաջողվել է ձևավորել դաշնակցային հարաբերություններ:

3296 | 0
Facebook