Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գյուղապետարանից զենքը հանել են ու հասել մերոնց վրա». Ջրառատում վիրավորված տղայի մայրը մանրամասներ է հայտնում

11:20, չորեքշաբթի, 15 մարտի, 2017 թ.
«Գյուղապետարանից զենքը հանել են ու հասել մերոնց վրա». Ջրառատում վիրավորված տղայի մայրը մանրամասներ է հայտնում

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում երեկ տեղի ունեցած միջադպի ժամանակ վիրավորված Հայկ Մելքոնյանի մայրը լրագրողների հետ զրույցում դեպքից մանրամասներ է ներկայացրել: «Մեր գյուղապետի տղան` 9-րդ դասարանցի Ռաֆայելը, հայհոյել է մեր տղաներին: Երբ տեքորս տղան հետաքրքրվել է, թե ինչու է հայհոյում, Ռաֆայելը նրանց հրավիրել է գյուղապետարանի մոտ: Խոսելու ընթացքում վիճաբանություն է եղել, տղայիս ձեռքը լոմով կոտրել են, այնուհետև գյուղապետարանից զենքը հանել են ու հասել մերոնց վրա: Լրիվ էդ Երանոսյաններն են արել»: Տղայի մայրը տեղեկացրել է, որ իրենք անկուսակցական են. «Մեր ընտանիքն անկուսակցական է, մենք իրավունք չունենք գնալու և մասնակցելու քաղաքական ինչ որ ուժի հավաքին, որ կողմնորոշվենք, թե ում ենք ձայն տալու»:
     ՕՐՕ դաշինքը ֆեյսբուքյան էջում միջադեպի հետ կապված հետևյալ մանրամասներն է ներկայացրել. «Ըստ տեղացիների` մի 16 տարեկան տղայի նեղել են, հետևից են ընկել: Տղան, բնականաբար, զանգել է իր բարեկամներին, որովհետև դպրոցական երեխա է: Նրանք եկել են, որպեսզի տեսնեն, թե ինչ է եղել, ու այդ պահին գյուղապետարանից բազմաթիվ մարդիկ զենքով, ավտոմատով հայտնվել են շենքի դիմաց ու հարձակվել այդ մարդկանց վրա: Մեկին գցել են գետնին ու դանակով մի քանի հարվածներ հասցրել, իսկ 16-ամյա տղային լոմով խփել, ջարդել են թևը: Բավականին բարդ կոտրվածք է: Մյուսն էլ գլխին լոմի հարված է ստացել»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջրառատում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով 3 վիրավոր տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նշենք, որ տեղի ունեցած միջադեպի տեսանյութում երևում է նաև Լևոն Երանոսյանը: ՀՀ քննչական կոմիտեն էլ հայտարարություն է տարածել, որ կրակոցներ արձակելու գործով մեկ մարդ ձերբակալվել է:

4941 | 6
Facebook