Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գյուղացիները համոզված ասում էին, որ կրակողը Լևոն Երանոսյանի եղբայրն է եղել». Ս. Մարգարյան

13:05, երկուշաբթի, 13 մարտի, 2017 թ.
«Գյուղացիները համոզված ասում էին, որ կրակողը Լևոն Երանոսյանի եղբայրն է եղել». Ս. Մարգարյան
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանրահավաքից հետո փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն ատրճանակ է պահել դաշինքի համակրի վրա: Դաշինքի անդամ Ստեփան Մարգարյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ երեկ Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանը մոտեցել է հանրահավաքի մասնակիցներին և հայհոյախառն բառերով ասել, թե ինչու են հավաքվել: «Գյուղապետն անկախ ամեն ինչից պարտավոր էր այնտեղ գտնվողների անվտանգությունն ապահովել, բայց այդ ամենը չի արել, ընդհակառակը` հրահրել է: Հավաքվածները գյուղապետին ասել են, որ իրավունք չունի, այդ ընթացքում քաշքշոց է եղել և ինչ-որ մեկն ատրճանակը պահել է դաշինքի համակրի վրա և կրակոցներ արձակել: Բարեբախտաբար որևէ մեկը չի տուժել: Մեր տղաներին հաջողվել է նրա ձեռքից խլել ատրճանակը և հանձնել իրավապահներին: Գյուղացիները համոզված ասում էին, որ կրակողը փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայրն է եղել` Լեռնիկ Երանոսյանը, բայց մենք հստակ չենք տիրապետում, թե ով է եղել: Նախաքննություն է գնում, հույս ունենք` կբացահայտվի»:
     Նշենք, որ միջադեպից հետո դաշինքի հինգ համակիրներ բերման են ենթարկվել, ապա ազատ արձակվել. «Երբ ես և Էլինար Վարդանյանն այցելեցինք ոստիկանություն, այնտեղ մի հռետորական հարց տվեցինք` ո՞ւր է կրակողը: Մյուս կողմից որևէ մեկին բերման չէին ենթարկել, կրակողին նույնպես»:
     Հիշեցնենք` Լեռնիկ Երանոսյանը ՊՊԾ գնդի գրավման օրերին Խորենացի փողոցում ցուցարարների ուղղությամբ լուսաձայնային նռնակ էր նետել:
     Ավելի ուշ ոստիկանությունը ևս արձագանքել է երեկվա միջադեպին: ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ: Գործին կտրվի համապատասխան ընթացք: Լրատվամիջոցներին, ինչպես և քաղաքական ուժերին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված ու կանխակալ տեղեկություններ տարածելով՝ թյուրիմացության մեջ չգցել հասարակությանը: Գործի ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի»:
6451 | 1
Facebook