Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վոլոդյա Ավետիսյանը մայիսի 25-ին, հավանաբար, ազատ կարձակվի». Գագիկ Սարուխանյան

11:45, ուրբաթ, 10 մարտի, 2017 թ.
«Վոլոդյա Ավետիսյանը մայիսի 25-ին, հավանաբար, ազատ կարձակվի». Գագիկ Սարուխանյան

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» խմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ անազատության մեջ գտնվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, հավանաբար, մայիսի 25-ին ազատ կարձակվի: «Նա ազատ կարձակվի 2013 թվականի համաներման հետևանքով պատժաչափը կրճատվելու արդյունքում: Այսինքն` 2013 թվականի համաներման դրույթներից մեկով, 5 տարուց ավելի դատապարտվածների վրա կիրառվում է 50% դրույթ և պատժաչափը կրճատվում է: Այս դրույթի մասին մենք իմացել ենք դեռևս անցյալ տարի և դիմել ենք կալանավայրի ադմինստրացիա, որպեսզի գործն ուղարկեն դատարան, և տեղի ունենա ազատման գործընթացը: Համաներումը կիրառելու դեպքում հաշվարկը կատարվում է այն պահից, երբ վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, այպիսով` մայիսի 25-ին լրանում է այդ ժամկետը և հավանաբար էլ այդ օրն ազատ կարձակվի: Մենք անհամբեր սպասում ենք դրան»,- ասաց Սարուխանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Վոլոդյա Ավետիսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից կոչ է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններին որևէ դեպքում ձայն չտալ իշխող կուսակցությանը. «Իր նամակում Վոլոդյան հիմնավորում էր, որ տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականը երկիրը հասցրել են մի վիճակի, որտեղ աշխատատեղ չկա, արտագաղթ է, կոռուպցիա, մարդիկ թոշակով ու աշխատավարձով չեն կարողանում ապրել»:
     Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա և իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։ Երևանի Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել է 6 տարի ազատազրկման՝ հօգուտ պետության 814 000 դրամի բռնագանձմամբ:

3062 | 0
Facebook