Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչու է ԿԸՀ-ն «աչք փակում» բնակելի շենքերի վրա փակցվող քարոզչական բնույթի պաստառների վրա

18:10, երկուշաբթի, 06 մարտի, 2017 թ.
Ինչու է ԿԸՀ-ն «աչք փակում» բնակելի շենքերի վրա փակցվող քարոզչական բնույթի պաստառների վրա

ԱԺ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ շատ ընդդիմադիրներ տարբեր ամբիոններից ահազանգում են, որ քարոզչական պաստառներ են փակցվում այն շենքերի պատերին, որոնք բնակելի են, այնինչ բնակելի շենքերին գովազդային ցուցապաստառներ փակցնելն արգելվում է Ընտրական օրենսգրքով:
    
Մասնավորապես, «Առաքելություն» կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը հիշեցնում է, որ «բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա»:
     MAMUL.am-ի թղթակիցը «Ելք» դաշինքի անդամ Գևորգ Գորգիսյանից հետաքրքվեց, թե այս օրերին նմանատիպ ահազանգեր ստացե՞լ են, կամ օրենքին հակասող այլ խախտումներ արձանագրե՞լ են արդյոք:
     «Խախտումները հիմնականում Հանրապետականի կողմից են լինում: Նույնիսկ այդ 5 քառ/մ-ը գերազանցող տարածքների համար, որտեղ պետք է պաստառներ փակցվեն, նախօրոք, մինչև փաստաթղթերը ներկայացնելը, պետք էր ամրագրվեր դա` մինչև ամսի 16-ը, ինչը չի կատարվել: Նրանք Կարեն Կարապետյանի նկարն էին արդեն փակցրել, ինչը միանշանակ անթույլատրելի է»,- ասաց Գ. Գորգիսյանը:
     ԿԸՀ-ն պետք է վերահսկի այս գործընթացը: Իսկ թե ինչու է այդ կառույցն աչք փակում նմանօրինակ խախտումների վրա, մեր զրուցակիցը խորհուրդ տվեց նրանց հարցնել: «Կարող եմ մի քանի օրինակ բերել, որտեղ փակցնելով այդ նկարները` խախտել են օրենքը. Օրինակ` Չարենց փողոցի վրա` Ոստիկանության շենքի դիմաց, Դավթաշենում` Սասնա ծռեր փողոցի ետնամասում, Հալաբյան փողոցի սկզբնամասում, հանդիպել եմ նման պաստառների: Ինչ վերաբերվում է բախումներին, դարձյալ Հանրապետակնների կողմից են տեղի ունենում, ինչը ևս խախտում է համարվում»,- ասաց մեր զրուցակիցը:

3535 | 0
Facebook