Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խորհուրդ եմ տալիս այդ հեյրուրանքները տարածողներին հեռու մնալ ըմբշամարտի ֆեդերացիայից». նախագահությունը հերքում է Սամվել Կարապետյանի շուրջ տարածված լուրերը

21:35, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
«Խորհուրդ եմ տալիս այդ հեյրուրանքները տարածողներին հեռու մնալ ըմբշամարտի ֆեդերացիայից». նախագահությունը հերքում է Սամվել Կարապետյանի շուրջ տարածված լուրերը

Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվել, որ Ռիոյից վերադարձած ըմբիշները և մարզիչները չեն ստացել իրենց պարգևավճարները։ «Ժամանակ» թերթը, մասնավորապես գրել է. «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը անցած տարվա օգոստոսին բրազիլական Ռիոյում կայացած օլիմպիական խաղերից հետո ո՛չ մարզիկներին, ո՛չ Էլ մարզիչներին աշխատավարձ և նախատեսված պարգևավճարներ չի վճարել։ Սամվել Կարապետյանը քանիցս նշել է, որ տարեկան շուրջ 2 մլն դոլար Է ծախսում ֆեդերացիայի բնականոն աշխատանքի վրա, մինչդեռ մեր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը փաստում են, որ ֆեդերացիայում նրա կատարած ծախսերը չեն գերազանցում 700-800 հազար դոլարը։ Մարզիկների աշխատավարձերի ամիսներով ուշացումը որևէ ձևով չի ազդել, սակայն, Լոռու մարզում առաջադրված Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի նախընտրական ծախսերի վրա»։

Տարածված լուրերը հերքելու համար՝ Հայաստանի ըմբշամարտի ներկայացուցիչները հանդիպեցին մամուլի ասուլիսի ձևաչափով՝ նշելով, որ դա պարզապես հեյրուրանք է։

Լևոն Ջուլֆալակյան
Լևոն Ջուլֆալակյան

Լևոն Ջուլֆալակյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

«Շատ տհաճ պահ էր առավոտյան, երբ կարդացի դա։ Իրոք տհաճ էր։ Կարծես ուզենան վարկաբեկել, փչացնել եղածը։ Չենք հասկանում՝ ինչի համար են անում դա։ Բոլորը լավ գիտեն, որ 2009 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը Սամվել Կարապետյանն է։ Այդ տարիների ընթացքում մեր հավաքականը պատրաստվել է մի շարք մրցաշարերի և փառքով վերադարձել հայրենիք։ Մեր մարզիկները, մարզիչները, բժիշկները, մերսողները, մի խոսքով՝ ողջ անձնակազմը, պատշաճ կերպով վարձատրվել է և պարգևավճարներ է ստացել։ Երբ կարդում ես ու տեսնում ես, որ ուզում են ինչ-որ բիծ թողնել մի մարդու վրա, ով միայն լավ բաներ է արել մեզ համար, շատ վիրավորական է։ Ուզում եմ հայտարարել, որ մեր հավաքականների բոլոր խնդիրները միշտ լուծվել են։ Չի եղել մի խնդիր, որ դնենք ֆեդերացիայի առաջ և այն առանց լուծման մնա։ Ուզում եմ, որ հանրությունն իմանա՝ չի եղել նման բան, դրանք խեղաթյուրված մտքեր են։ Ցանկացած քաղաքակիրթ երկրում նման սխալ քայլերը դատական հայցով են պատժվում։ Ֆեդերացիան կքննարկի այդ հարցը։ Ցանկացած մարդ պետք է պատասխան տա իր արարքների համար։ Մի բան է հասկանալի՝ ով որ արել է, հաստատ լավ մարդ չէ։ Ստախոսությունն ու արածն ուրանալը լավ բան չէ։ Դա կարող է որակներից զուրկ անձնավորությունն անել, ում մարդ կոչել չի կարելի»։

Հրանտ Ենոքյան
Հրանտ Ենոքյան

Հրանտ Ենոքյան, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ

«Չկրկնվելու համար՝ երկու բառով նշեմ, որ ֆեդերացիան ամեն տարի հաշվետվություն է ներկայացնում։ Այդ հոդվածում նշված է ֆիքսված 2 մլն դոլար։ Այդ թիվը չի կարող ֆիքսված լինել։ Տարի կլինի, որ այդ թիվը կարող է լինել 3,5 մլն, տարի կլինի՝ 1,8 մլն։ Համենայնդեպս, միշտ շատ է եղել։ Գոյություն ունի կանոնակարգ, որի համաձայն էլ մարզիկները և մարզիչները ստանում են աշխատավարձները և պարգևավճարները։ Ինչ վերաբերում է ուշացումներին՝ նշեմ, որ նման բան չի եղել։ Բացի այդ, ֆեդերացիայում չի եղել մի պահանջ կամ առաջարկություն, որի լուծումը ֆեդերացիան չտա։ Առհասարակ, նման բան կարդալը զարմանալի էր, քանի որ պարոն Կարապետյանը պարգևատրել է Ռիոյի բոլոր մեդալակիրներին՝ նաև ծանրորդներին։ Ինչպես նաև պարգևավճարներ է տվել մարմնամարզիկներին, ֆուտբոլիստներին և տարվա 10 լավագույն մարզիկներին։ Այդ գումարների շնորհիվ է, որ այսօր այսքան մեդալներ ենք նվաճել։ Մարդիկ ցանկանում են ցեխ շպրտել ֆեդերացիայի վրա, բայց չի ստացվելու։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հեռու է դատական կարգով հարցերը լուծելուց։ Երևի գրողներն արդեն զղջացել են։ Մեր դաստիարակությունը թույլ չի տալիս հիմա որևէ քայլերի դիմել։ Եթե նման դեպք կրկնվի, սուտը շարունակվի, ֆեդերացիայի նախագահությունը կորոշի անելիքները»։

Սամվել Գևորգյան
Սամվել Գևորգյան

Սամվել Գևորգյան, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ

«Այսօր ֆեդերացիայում հավաքվել էր 200-300 մարզիկ։ Բոլորի համար ուղղակի ծիծաղելի էր, որ Սամվել Կարապետյանը դարձել է քննարկման առարկա։ Սա հեյրուրանք է, պատվեր՝ ինչ-որ վատ զանգվածի կողմից։ Խորհուրդ եմ տալիս այդ հեյրուրանքները տարածողներին հեռու մնալ ըմբշամարտի ֆեդերացիայից, որովհետև չի ստացվելու. ըմբիշները միշտ համախմբված են և թույլ չեն տա, որ ինչ-որ մեկը նման բաներ տարածի»։

Գևորգ Ալեքսանյան
Գևորգ Ալեքսանյան

Գևորգ Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ

«Լավ գործ է արվում, վատ մարդիկ փորձում են բիծ քաշել այդ լավ գործի վրա։ Ուզո՞ւմ եք այս մարզաձևն էլ այլ մարզաձևերի պես իջնի։ Ինչի՞ համար։ Երբ լավ գործ է արվում, ինչո՞ւ չի ասվում լավը, բայց փնտրվում են բացթողումներ, որոնք չկան»։

Արսեն Ջուլֆալակյան, Արթուր Ալեքսանյան
Արսեն Ջուլֆալակյան, Արթուր Ալեքսանյան

Արսեն Ջուլֆալակյան

«Բոլոր մարզիկների անունից ցանկանում եմ նշել՝ եթե կա ինչ-որ մի բնագավառ, որտեղ ամեն ինչ լավ է, ինչի համար քայքայենք ու վարկաբեկենք այդ բնագավառը, չէ որ կան հարյուր-հազարավոր բնագավառներ, որտեղ կան բազմաթիվ լուրջ խնդիրներ։ Եթե ինչ-որ մեկն էլ ցանկանում էր քաղաքական դիվիդենտներ շահել, ուղղակի չհաջողվեց։ Սա ևս մեկ լավ հնարավորություն էր՝ մեր ֆեդերացիայի արած գործերի մասին խոսելու։ Եթե մենք հաշվետվություն չենք ներկայացնում հանրությանը, քանի որ պարոն Կարապետյանը չի ցանկանում, որ նրան գովերգենք, ապա հիմա ստիպված ենք դա անել։ Եթե այդ մարդը չլիներ, ըմբշամարտով զբաղվելը մարզիկների համար ֆինանսական առումով վնասակար կլիներ։ Կցանկանայի, որ մյուս ֆեդերացիաներում էլ նման կարգ լիներ, որ վարձատրվեին ոչ միայն միջազգային ասպարեզում արդյունքներ գրանցած մարզիկներն, այլև բոլոր տարիքային խմբերի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները»։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Էդուարդ Սահակյան, Արթուր Ալեքսանյան, Արսեն Ջուլֆալակյան, Վարշամ Բորանյան, Կարապետ Չալյան։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Էդուարդ Սահակյան, Արթուր Ալեքսանյան, Արսեն Ջուլֆալակյան, Վարշամ Բորանյան, Կարապետ Չալյան։

8485 | 3
Facebook